Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ խորապես դեմ է ԱԺ-ն անձնական վիրավորանքների հարթակի վերածելուն:
«Կարծում եմ, որ ժողովրդի մեջ մոտեցումների փոփոխություն բերելու է կարծիքների պայքարը, ոչ թե վիրավորանքների: Մենք պետք է գաղափարների հակադրությունը ցույց տանք և մարդիկ ընտրեն, որովհետև վստահ ենք, որ մեր գաղափարներն են զարգացում բերելու երկրում և 600.000 մարդու հանելու աղքատությունից»,- շարունակեց նա:
Այս համատեքստում Նարեկ Կարապետյանը նկատեց, որ ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է:
«Հետագայում մի փոքր էլ փոքրանալու պարագայում ԱԺ-ում հնարավոր կլինեն տեղափոխությունները»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներին, որից տուժում են գյուղատնտեսությունը, տնտեսության այլ ճյուղերը, Նարեկ Կարապետյանը նշեց, որ դիվանագիտական ճանապարհով պետք է կարգավորել սրացումները, որոնք կարող են լինել:
«Տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է: Մենք պետք է հասնենք տնտեսական խաղաղության մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ: Հայ քաղաքական միտքն ունակ է լուծել այդ հարցը»,- ընդգծեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում

