Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Անշուշտ, մենք նկատում ենք ՆԱՏՕ-ի երկրների և առանձին արևմտյան պետությունների ձգտումը՝ «պոկել» Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման ճանապարհով։ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը, անկասկած, չի համապատասխանում երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։

Նրանք, ովքեր ուսումնասիրում են տարածաշրջանի պատմությունը, այդ թվում՝ բազմադարյա հետահայացքով, հավանաբար կգտնեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը դասավորվել է բավականին ոչ դյուրին և երբեմն արյունալի։

Այն հարցի պատասխանը, թե ով է եղել նրա անվտանգության և բարգավաճման գլխավոր երաշխավորը բազմամյա պատմության ընթացքում, միանշանակ է և ընկած է մակերեսին»,- ասել է Վասիլևը պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ՀԱՊԿ-ում «սառեցման» ֆոնին Հայաստանի համագործակցության ընդլայնումը ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում՝ հայ, ամերիկացի, ֆրանսիացի և հույն զինծառայողների համատեղ Eagle Partner-2026 զորավարժությունները։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է փոխզիջում գտնել 2021-ից ձգվող խնդիրներում և արդյոք դա կապված է Մոսկվա-Երևան երկկողմ հարաբերությունների հետ՝ Վասիլևը նշել է.

«ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի որևէ հակամարտություն գոյություն չունի։ Խոսել այն մասին, թե իբր այն ձգվում է 2021 թվականից, նույնպես ապրիորի սխալ է»,- ասել է նա։

Հասկանալով, որ ամսաթիվը կապվում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ ՌԴ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ միջազգային տարբեր ձևաչափերում, փորձեր են արվել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման փոխզիջումային լուծումներ գտնել։

Նրա խոսքով՝ Մոսկվան և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել են համապատասխան հանգուցալուծումներ, որոնք քաջ հայտնի են եղել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարությանը։

«Ցավոք, հասնել համաձայնության, առաջին հերթին տվյալ տարածքային վեճի կողմերի միջև, խաղաղ ճանապարհով չհաջողվեց։ Հակամարտության հետևանքով զոհ դարձան ինչպես Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությունը, այնպես էլ ռուս զինծառայողների թվից խաղաղապահները։ Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է հիշեն նաև այդ մասին։ Բայց ցանկացած դեպքում լեռնայինղարաբաղյան հակամարտությունը ՀԱՊԿ մանդատի հետ առնչություն չի ունեցել, և Երևանում դա գիտեն»,- նշել է դիվանագետը։

Վասիլևը նաև հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների դարավոր պատմությունն ու կապերը։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն նույնպես ունեն իրենց հետաքրքրություններն ու Հայաստանի հետ հարաբերությունների սեփական պատմությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31