Իսրայելը խաղաղություն հաստատելու մտադրություն չունի․ Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը խաղաղություն հաստատելու որևէ մտադրություն կամ ծրագիր չունի և բոլոր հարթակներն օգտագործում է իր ապօրինի ռազմավարություններն առաջ մղելու համար: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում կայացած Երուսաղեմի հարցով նախարարական հանդիպման ժամանակ Ֆիդանը զգուշացրել է. «Եթե Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության դեմ դիվանագիտական միջոցներ չձեռնարկվեն, ճգնաժամը կդառնա համաշխարհային»: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
«TRT Arapça»-ին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ չնայած տարածաշրջանային այլ խնդիրներին, Անկարայի ուշադրությունը չի շեղվել Պաղեստինի, Ալ-Աքսա մզկիթի և Գազայի հատվածի հարցերից: Իսլամական աշխարհի շուրջ 20 երկրի մասնակցությամբ հանդիպման օրակարգում եղել է Ալ-Աքսայի դեմ Իսրայելի վերջին «ոտնձգությունների» քննարկումը և դրանց դեմ հավաքական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Ֆիդանի խոսքով՝ իսլամական երկրները պետք է գործնական դիվանագիտական քայլեր ձեռնարկեն՝ կանխելու համար Իսրայելի գործողությունները Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին:

