Բաժիններ՝

Գրիպի դեմ պատվաստումներ այս տարի չեն արվել

H1N1-ից` խոզի գրիպից, խուսափելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստվել վարակի դեմ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ այժմ չկա պատվաստանյութ միայն H1N1-ի դեմ:

«2009-ին, երբ պանդեմիկ գրիպի մասին ամբողջ աշխարհն էր խոսում,  կար կոնկրետ պատվաստանյութ H1N1-ի դեմ ու կոչվում էր՝ պանդեմիկ պատվաստանյութ: Քանի որ այն արդեն սեզոնային գրիպ է, պանդեմիկ գրիպ չի կոչվում, հիմա սեզոնային գրիպի պատվաստանյութի մեջ կա նաև H1N1 բաղադրամասը»,- ասաց նա:

Գայանե Սահակյանի խոսքով` գրիպի դեմ պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով. այն ընդգրկված չէ պատվաստումների ազգային օրացույցում: Այս սեզոնին, Գայանե Սահակյանի խոսքով, գրիպի դեմ պատվաստումներ նախարարությունը չի արել.

«Նախորդ սեզոնին առողջապահության նախարարի հրամանով` այդ պատվաստումներն իրականացվեցին ռիսկի խմբերում` մանկատան երեխաներ, գիշերօթիկ հաստատություններում սովորող երեխաներ, ծերանոցներում ապրողներ, բուժաշխատողներ: Քանի որ պատվաստանյութն իմունիտետն ապահովում է 1 տարով, այս խմբերը պաշտպանված են գրիպից: 1 տարին լրանում է 2013-ի մայիս ամսին: Քանի որ ռիսկի խումբն արդեն պաշտպանված էր 1 տարով, այս տարի պատվաստումներ չենք արել: Պլանային օրացույցում սեզոնային գրիպը ներառված չէ, որ պարտադիր ամեն տարի զանգվածային արվի: Դա միայն համաճարակային ցուցումից ելնելով՝ արվում է ռիսկի խմբերում: Ռիսկի խմբում մտնում են նաև հղիները, բայց հղիներին ավելորդ միջամտություն չի արվում: Ճիշտ է, որ հղին նախօրոք մտածի իր մասին. պատվաստվի, հետո նոր հղիանա»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս