Բաժիններ՝

Կոսովոն ուժեղացրել է հսկողությունը Սերբիայի հետ սահմանին 3 ոստիկանի ձերբակալությունից հետո

Կոսովոն ուժեղացրել է Սերբիայի հետ սահմանին վերահսկողությունն այն բանից հետո, երբ Սերբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Կոսովոյի 3 ոստիկանական սպայի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Կոսովոյի և Սերբիայի իշխանությունները ձերբակալության տարբեր վայրեր են հայտնել՝ միմյանց մեղադրելով անօրինական կերպով սահմանը հատելու մեջ:

Կուրտին պահանջել է ազատ արձակել երեք ոստիկաններին՝ նշելով, որ նրանք ձերբակալվել են Կոսովոյի տարածքում՝ Սերբիայի հետ սահմանից 300 մ հեռավորության վրա:

Իր հերթին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ երեք սպաները ձերբակալվել են Սերբիայի տարածքում՝ սահմանից 1.8 կմ հեռավորության վրա: Նա հերքել է Կուրտիի այն մեղադրանքները, թե Սերբիայի ոստիկանները մտել են Կոսովոյի տարածք: Վուչիչը նաև հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ՝ քննարկելու իրավիճակը:

Ի պատասխան այս ձերբակալությունների՝ Կոսովոն սերբական համարանիշներ ունեցող բոլոր ավտոմեքենաներին արգելել է մտնել իր տարածք: Սակայն Reuters-ի թղթակիցը հայտնում է, որ սերբական համարանիշներով որոշ մեքենաներ հատում են սահմանը:

Հունիսի 14-ին ԵՄ-ն Ալբին Կուրտիի կառավարության դեմ պատժամիջոցներ է սահմանել, քանի որ վերջինս չի կարողացել քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար: ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ այդ պատժամիջոցները ներառում են ֆինանսական և քաղաքական հետևանքներ, այդ թվում՝ բարձրաստիճան այցելությունների, շփումների և միջոցառումների, ինչպես նաև Կոսովոյի հետ ֆինանսական համագործակցության կասեցում:

Կոսովոն Սերբիայից անկախացել է 2008 թ.-ին՝ տարածաշրջանի 90% էթնիկ ալբանացիների ապստամբությունից գրեթե մեկ տասնամյակ անց: 1999 թ.-ին ՆԱՏՕ-ի կողմից ռմբակոծության հետևանքով Սերբիայի անվտանգության ուժերը ստիպված էին դուրս գալ Կոսովոյից, սակայն Բելգրադը շարունակում է այն դիտարկել որպես իր հարավային նահանգ:

Անցյալ ամիս Կոսովոյի հյուսիսում բախումներ տեղի ունեցան, որոնց հետևանքով վիրավորվեց ՆԱՏՕ-ի 30 խաղաղապահ և 52 սերբ: Սերբական 4 մունիցիպալիտետներում դժգոհությունները սկսվել էին այն բանից հետո, երբ էթնիկ ալբանացի քաղաքապետները ստանձնել էին իրենց պարտականությունները տեղական իշխանությունների ընտրություններից հետո, որոնք սերբերը բոյկոտել էին: Ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3.5 %:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս