Բաժիններ՝

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի կնքմանը. Օմանի ԱԳ նախարար

Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի կնքմանը, մնացել է լրամշակել փաստաթղթի մանրամասները: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բեն Համադ բեն Համուդ ալ Բուսայիդին։

«Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի կնքմանը: Մնում է միայն տեխնիկական հարցերի շուրջ պայմանավորվածությունը», – ասել է նախարարը։

Օմանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը նաև լրջորեն է տրամադրված միջուկային պրոբլեմատիկայի շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում։

«Ես տեսնում եմ Վաշինգտոնի և Թեհրանի մտադրությունների լրջությունը, որոնց բանագնացները փորձում են փրկել 2015 թ.-ի միջուկային գործարքը, – ասել է նա: – Մասկատն այն կարծիքին է, որ Իրանի ղեկավարությունը լրջորեն է տրամադրված համաձայնության հասնելու հարցում, և եթե մյուս կողմը բարեխղճորեն մոտենա դրան, ապա իրենք պատրաստ են նույն կերպ պատասխանել»։

Հունիսի 14-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գաղտնի վերսկսել է բանակցությունները Թեհրանի հետ՝ Իրանում միջուկային զենքի հայտնվելու հավանականությունը նվազեցնելու և իրենց քաղաքացիներին իրանական բանտերից ազատելու հարցի շուրջ: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ 2022 թ. դեկտեմբերից Օմանն անուղղակի բանակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Նշվում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչներն այս ժամանակաշրջանում Օման են մեկնել առնվազն երեք անգամ։

The Wall Street Journal թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը նաև Իրաքի կառավարությանը թույլ է տվել է վճարել պատժամիջոցների պատճառով սառեցված 2,5 միլիարդ եվրոն իրանական էլեկտրաէներգիայի և գազի դիմաց: ԱՄՆ-ն այս փոխանցումը համարել է սովորական ընթացակարգ, որն արդեն անցկացվել էր ավելի վաղ։ Սակայն այս անգամ վճարումն իրականացվել է եվրոյով, այլ ոչ թե ազգային արժույթով, ինչպես դա եղել է նախկինում։ Այս ազատված միջոցներն Իրանին թույլ են տվել մասնակիորեն մարել իր պարտքը Թուրքմենստանին, ինչպես նաև իր մասնաբաժինը ներդնել Իսլամական զարգացման բանկում, որտեղ նա երրորդ խոշոր բաժնետերն է:

Մարտի 6-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն միջնորդների միջոցով Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ուղերձներ են փոխանակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս