Զզվում եմ բոլորիցդ, ամաչեցնում եմ բոլորիդ, հեծնում եմ բոլորիդ վրա

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հինգ տարիների ընթացքում գրեթե բոլոր կարևոր հարցերում արել է քայլեր, որոնք արմատապես, ամբողջությամբ հակասել են իր իսկ հայտարարություններին։ Նա խոստացել է մի բան, արել է ճիշտ հակառակը։ Օրինակներն անսահմանորեն շատ են և վերաբերում են պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր բնագավառներին։ Բայց այդ օրինակներից ամենացցունն Արցախի հետ կապված նրա հայտարարություններն ու նրա իսկ վարած քաղաքականության տրամագծորեն հակառակ արդյունքներն են։

Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Ընդամենը հինգ տարի անց նա հայտարարեց՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ» (բառացի ասաց, որ այո, Արցախը ներառվում է Ադրբեջանի 86.6 հազ քկմ-ի մեջ, որը ճանաչում է Հայաստանը

Կարդացեք նաև

 Արցախի հետ կապված նրա մյուս՝ կրկին 100 տոկոսով հակառակ արդյունք ապահոված հայտարարությունը վերաբերում էր այն խոստմանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին։ Արդյունքը եղավ այն, որ Արցախի մեծ մասի հանձնումը սկզբում բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին, որը, բավարարության առաջին ալիքից հետո, հիմա էլ ցանկանում է բավարարվել Հայաստանի ինքնիշխան տարածքներով։

Կյանքը ցույց է տվել, որ հատկապես Արցախի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն վտանգավոր է, որովհետև նա դրանից հետո ամեն ինչ անում է հակառակ արդյունքն ապահովելու համար։ Այդ տեսանկյունից նրա այսօրվա հայտարարությունները՝ «Արցախում ապրող հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանության մասին», պետք է ընդունել՝ որպես չարագուշակ, մահաբեր ահազանգ։ Եթե նա անցած 5 տարիներին Արցախի հետ կապված հարցերում ապահովել է իր հայտարարությունների ճիշտ հակառակ արդյունքը, ապա պետք է սպասել, որ ապագայում արցախահայությանը սպասվում է անվտանգության լրջագույն սպառնալիք և իրավունքների ոտնահարում, որը տեղի է ունենում արդեն այսօր։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նաև, թե Ադրբեջանն արցախահայերի համար ներկայացնում է ցեղասպանության, էթնիկ զտման սպառնալիք, և Հայաստանը պայքարում է դրա դեմ, դա պետք է ընդունել ճիշտ հակառակ իմաստով Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անելու է ամեն ինչ՝ արցախահայերի ցեղասպանությունն ու էթնիկ զտումը կյանքի կոչելու համար։

Առաջին հայացքից հակաբանական թվացող այս արտահայտությունը հակաբանական է այնքան, որքան, ասենք, 6 կամ 10 տարի առաջ հակաբանական կհամարվեր, որ Հայաստանի ղեկավարի ներկայությամբ կարող է հնչել «Խանքենդի» բառը, ինչին նույն այդ ղեկավարը կպատասխաներ գլխահակ լռությամբ։

Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու արձանագրված արդյունքների 100 տոկոսանոց հակասականությունն ընդամենը ցայտուն օրինակ է, որը ցույց է տալիս նրա հռչակումների ու դրանց հակառակ գործելու իրողությունը։

Ծրագրվա՞ծ է դա արվում, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց մինչ դա փաստացի կպարզվի, չէր խանգարի, որ 5 տարի առաջ նրա սիրառատ հայտարարություններից հալվող «3 միլիոն վարչապետները» վերհիշեին, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանն էքստազի հասցնում հրապարակը՝ հայտարարելով՝ «Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։ Նրա գործելակերպի հինգ տարիները պրոյեկտելով այդ արտահայտության վրա, դժվար չէ դուրս բերել դրա իրական իմաստը «Զզվում եմ բոլորիցդ, ամաչեցնում եմ բոլորիդ, հեծնում եմ բոլորիդ վրա»։

Նիկոլ Փաշինյանի ներկայիս գործողությունների ներքին տրամաբանությունն ուղղված է նրան, որ նա երբևէ կարող է հայտարարել՝ «Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Ադրբեջանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Ադրբեջանում»։
Կհնչի՞ այդ հայտարարությունը, թե
՞ ոչ, կախված է հայ հասարակությունից։

Հարություն Ավետիսյան   

Տեսանյութեր

Լրահոս