«Հայաստանը սահմանազատում պետք է իրականացնի այն քարտեզներով, որով դիմել է Ազգերի լիգա՝ 1918-1919 թթ. քարտեզներով». Շահեն Շահինյան

Ապրիլի 5-ին Պրահայում «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն պահանջներին ու հայտարարություններին, որ Հայաստանում կան «ադրբեջանական օկուպացված գյուղեր»։

«Ուղիղ ասեմ՝ Մյունխենի հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն այդ հարցը բարձրացրեց, ես ասացի, որ մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը միայն գյուղապետարանի շենքը չէ։ Օրինակ Բերքաբեր գյուղը, Վազաշենը, Պառավաքարը։ Բերքաբեր և Պառավաքար գյուղերի վարելահողերի ճնշող մեծամասնությունն օկուպացիայի տակ է, Ադրբեջանը պատրա՞ստ է վերադարձնել, եթե պատրաստ է, մենք էլ ենք պատրաստ։ Բայց այստեղ ուրիշ հարց կա, մենք ասում ենք՝ պետք է սահմանի հարց դրվի ու դիտարկվի, իրենք ասում են, թե դելիմիտացված սահման չկա, մենք էլ ասում ենք՝ բա որ դելիմիտացված սահման չկա, ո՞նց եք որոշում, որ մատը դնում եք քարտեզի վրա՝ դա Ադրբեջանի տարածք է։ Հիմա ադրբեջանական զորքը, ասենք, Պառավաքարում կանգնած է իքս կետի վրա, մի ուրիշ տեղ էլ Հայաստանի զորքն է կանգնած։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք ընդունել ամբողջ սահմանագիծը՝ 1975 թվականի քարտեզներով։ Մեր բոլոր որոշումները պետք է իրավականորեն հիմնավորենք»,- հարցազրույցում ասել էր Նիկոլ Փաշինյանը։

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ բարձրացվեց սահմանազատման ու սահմանագծման հարցը, տարբեր պաշտոնյաներ և քարտեզագետներ նշում էին տարբեր թվականների քարտեզները, մեկ 1991 թվականի քարտեզներն էին նշում, մեկ՝ ՌԴ գենշտաբում պահվող քարտեզները, և վերը ներկայացված մեջբերումից հայտնի դարձավ, որ արծարծվում են նաև 1975 թվականի քարտեզները։

Ի՞նչ քարտեզներ են դրանք, և դրանցով սահմանազատում իրականացնելը որքանո՞վ է բխում ՀՀ շահից։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում գեոդեզիստ, քարտեզագիր, ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ Շահեն Շահինյանը պատասխանելով հարցին, ասաց՝ ծանոթ չէ ո՛չ 1991 թվականի, ո՛չ էլ 1975 թվականի քարտեզներին։

«Ինձ համար նմանատիպ քարտեզներ առկա չեն, և ես գոնե չեմ կարող դրանց մասին տեղեկություններ տալ։

Ինքս այդ հարցազրույցը չեմ լսել, ավելին՝ եթե նույնիսկ լսած էլ լինեի, չէի կարողանա ասել, թե ինչ է նկատի ունեցել հարցազրույց տվողը՝ այդ թվականների քարտեզների մասին խոսելով։ Կարծում եմ՝ իրենք ավելի լավ կպատասխանեն, թե ինչ նկատի ունեն՝ այդ թվականների քարտեզներ ասելով»,- նշեց Շահեն Շահինյանը։

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի Հանրապետությունն իրեն ընդունում է՝ որպես Խորհրդային Հայաստանի ժառանգորդ, ապա առավել շահավետ կլինի սահմանազատումն իրականացնել 1926-1932 թվականներին մշակված քարտեզների հիման վրա։

«Մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, որ Հայաստանը սահմանազատում պետք է իրականացնի Առաջին Հանրապետության սահմանների հիման վրա, այն քարտեզներով, որով Հայաստանը դիմել է Ազգերի լիգա՝ 1918-1919 թթ. քարտեզներով։

Այդ քարտեզները ենթադրաբար պետք է գտնվեն մեր Ազգային արխիվում, Արտգործնախարարության արխիվում, այսինքն՝ պետական արխիվներում։ Իսկ թե այս պահին որտեղ են գտնվում՝ չեմ կարող ասել, քանի որ որոշակի քարտեզներ գաղտնի են, և դրանք հասանելի են միայն այն անձանց, որոնք ունեն գաղտնի փաստաթղթերի հետ շփվելու իրավունք»,- հավելեց Շահեն Շահինյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «ադրբեջանական գյուղերի» վերաբերյալ տված մեկնաբանությանը, քարտեզագիրն ընդգծեց, որ չկա ոչ մի «ադրբեջանական գյուղ» ՀՀ տարածքում, դրանք արհեստածին անկլավներ են, որոնք ի հայտ են եկել 1960-ականներից հետո։

«Դրանց իրավական հիմքը մինչ օրս հրապարակված չէ, առկա չէ։ Մասնագետներն արխիվներում շատ են փնտրել, չեն գտել, թե որ գյուղերի մասին է նա խոսում՝ տեղեկություններ չունեմ։ Մասնագիտական տեսանկյունից կարող եմ ասել, որ ՀՀ տարածքում այսօր չկա որևէ ադրբեջանական գյուղ, որն ինչ-որ իրավական հիմքով պետք է փոխանցել Ադրբեջանին, այլ հակառակը՝ Ադրբեջանն ունի Հայաստանին փոխանցելու տարածքներ։ Առնվազն 150-200 քկմ, որն օկուպացվել է 2020 թվականից մինչև 2023 թվական, և իրավական հիմքով պետք է Հայաստանին վերադարձնի այն 1000 քկմ տարածքը, որը 1926 թվականից հետո շարունակաբար պոկվել է Սովետական Հայաստանից։ Նաև պետք է վերադարձնի Նախիջևանի Ինքնավար Մարզը, Լեռնային Ղարաբաղի օկուպացված շրջանները»,- եզրափակեց Շահեն Շահինյանը։

Տեսանյութեր

Լրահոս