«Մեծ յոթնյակի» երկրներն արհեստական բանականության կարգավորման մասին հայտարարություն են արել
«Մեծ յոթնյակի» երկրները պետք է կարգավորեն արհեստական բանականությունը, պայմանավորվել են G7-ի երկրների թվային տեխնոլոգիաների նախարարները։ Նրանք շտապում են մտցնել օրենք արհեստական բանականության մասին՝ ապահովելու համար կանոնների պահպանումը նոր գործիքների, այդ թվում ChatGPT-ի հարցում, տեղեկացրել է Reuters-ը։
Բայց այդ կարգավորումը չպետք է խանգարի արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը եւ պետք է հենվի դեմոկրատական արժեքների վրա, նշվել է G7-ի նախարարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Ճապոնիայում երկօրյա հանդիպման ավարտին։
Նախարարներն ընդունել են, որ G7-ի տարբեր անդամներ կունենան տարբեր մոտեցումներ հուսալի ԱԱ-ի հարցում, բայց համաձայնագիրը սահմանում է կողմնորոշիչ, թե ինչպես պետք է մեծ երկրները կարգավորեն ԱԱ-ն կոնֆիդենցիալության եւ անվտանգության ռիսկերի պայմաններում։
«G7-ի այս հանդիպման եզրահանգումները ցույց են տալիս, որ մենք միայնակ չենք այս հարցում»,- Reuters գործակալությանն ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգրեթե Վեսթագերը համաձայնագրի ստորագրումից առաջ։
Կառավարությունները հատկապես ուշադրություն են դարձրել արհեստական բանականության այնպիսի գործիքների տարածվածության վրա, ինչպիսին են ChatGPT-ը, չաթ-բոթը, OpenAI-ը, որը դարձել է ամենաարագ տարածվող հավելվածը։
«Մենք նախատեսում ենք G7-ի երկխոսություն հրավիրել գեներատիվ ԱԱ-ի թեմաների վերաբերյալ, որոնք կարող էին ներառել մտավոր սեփականության կառավարումը, իրավունքների պաշտպանությունը, ներառյալ հեղինակային իրավունքը, թափանցիկության աջակցությունը, պայքարն ապատեղեկատվության դեմ, ներառյալ օտարերկրյա ուժերի կողմից տեղեկատվությամբ մանիպուլացումը»,- նշվել է նախարարների հայտարարությունում։
G7-ի անդամ Իտալիան անցած ամիս անջատել է ChatGPT ցանցից, որպեսզի հետաքննի անհատական տվյալների մշակման կանոնների հնարավոր խախտումը։ Մյուս երկրները նույնպես ցանկանում են հետաքննություն իրականացնել։
ԵՄ-ի օրենսդիրները հինգշաբթի նախնական համաձայնագիր են կնքել ԱԱ-ի մասին նոր օրենքի շրջանակում՝ պայմանավորված համաշխարհային ղեկավարների՝ այդ տեխնոլոգիաների վերահսկման գագաթաժողով հրավիրելու առաջարկով։
Վեսթագերը նշել է, որ G7-ն այս տարի քաղաքական համաձայնություն կկնքի արհեստական բանականության հեղինակային իրավունքի վերաբերյալ, որը կպարտադրի արհեստական բանականության օգնությամբ ստեղծված պատկերների կամ երաժշտության մակնշում։
Ճապոնիան, որն այս տարի նախագահում է G7-ում, փոխզիջումային մոտեցում է որդեգրել՝ խոստանալով աջակցություն արհեստական բանականության հանրային եւ արդյունաբերական ներդրմանը։
G7-ի բարձրաստիճան տեխնիկական պաշտոնյաները Մեծ Բրիտանիայից, Կանադայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ճապոնիայից եւ ԱՄՆ-ից, հանդիպում են ունեցել Տակասակիում, էներգետիկայի եւ արտաքին գործերի նախարարների այս ամսվա հանդիպումից հետո։
Մայիսի վերջին Ճապոնիան կհյուրընկալի G7-ի գագաթաժողովը Հիրոսիմայում, որտեղ վարչապետ Ֆումիո Կիսիդան կքննարկի արհեստական բանականության կանոնները համաշխարհային առաջնորդների հետ։