Տարածաշրջանային փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Լիբանանի վրա. Իրանի արտգործնախարարը Բեյրութում է
Թեհրանը Լիբանանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի և Իրանի անվտանգության անբաժանելի մաս: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ։
«Տարածաշրջանում վերջին շաբաթներին նոր զարգացումներ են տեղի ունեցել, և մենք կարծում ենք, որ դրանց արդյունքները լավ կանդրադառնան տարածաշրջանի և իսլամական աշխարհի, այդ թվում՝ Լիբանանի վրա», – Աբդոլլահիանի խոսքերն է մեջբերում Al Mayadeen պարբերականը:
Դիվանագետը բարձր է գնահատել Թեհրանի և Բեյրութի միջև երկկողմ հարաբերությունները և նշել, որ Լիբանանում իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներ ունի:
«Մենք ունենք որոշ գաղափարներ և նախաձեռնություններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած կառուցողական փոփոխությունները: Լիբանանի անվտանգությունն ու բարգավաճումը համապատասխանում են Իրանի շահերին, ուստի մենք աջակցում ենք լիբանանցի քաղաքական գործիչների միջև երկխոսության հաստատմանը», – նշել է նա:
Աբդոլլահիանը հավաստել է, որ Իրանը «հաստատակամորեն կանգնած է Լիբանանի եղբայրական ժողովրդի, նրա ղեկավարության, բանակի և դիմադրության ուժերի կողքին»։
«Իրանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում բանակցությունների օգտին և պատերազմները լուծում չի համարում», – հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է բանակցություններ վարել Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի, վարչապետ Նաջիբ Միքաթիի և արտգործնախարար Աբդուլլա Բու Հաբիբի հետ։
Աբդոլլահիանը Լիբանան էր այցելել նաև հունվարի 12-14-ը: