«Փաշինյանն իր դիրքորոշմամբ և վերջին հայտարարություններով խրախուսեց Ալիևին՝ լինել ավելի համարձակ և գնալ Արցախն ամբողջությամբ նվաճելու ճանապարհով». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես  Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ։

Դեկտեմբերի 12-ից էլ Ադրբեջանը կեղծ «բնապահպանների» միջոցով փակել է Բերձորի միջանցքն ու ամբողջ Արցախը  պահում է շրջափակման մեջ։

Արդյո՞ք հնարավոր չէր կանխել Ադրբեջանի այս գործողությունները, և եթե ադրբեջանական հսկիչ անցակետերը չհանվեն, ի՞նչ է սպասվում Արցախին և Հայաստանին։

168.am հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանելով այս  և դրանից բխող այլ հարցերի՝ ասաց, որ Հայաստանի իշխանությունն ի սկզբանե հայտարարել էր, որ «Լաչինի միջանցքի» հետ կապված իրենք որևէ բան չունեն անելու, այն Ռուսաստանի և Ադրբեջանի պայմանավորվելիք հարցերն են։ Այդպիսով՝ ամեն ինչ թողել էին բախտի քմահաճույքին, իսկ ավելի կոնկրետ՝ ամեն ինչ թողել էին Ալիևի ցանկությանը։

Կարդացեք նաև

«Ալիևը հասկանում էր, որ դա վտանգավոր քայլ է, կարող է հետևանքներ ունենալ, սակայն Փաշինյանն իր դիրքորոշմամբ և հատկապես վերջին օրերին ԱԺ-ում հնչեցրած իր մի շարք հայտարարություններով խրախուսեց Ալիևին՝ լինել ավելի համարձակ և գնալ Արցախն ամբողջությամբ նվաճելու ճանապարհով։

Կարելի՞ էր այս ամենից խուսափել կամ թույլ չտալ՝ իհարկե կարելի էր, բայց դրա համար պետք էր ունենալ ազգային և պետական շահերը պաշտպանող իշխանություն, որը, ցավոք, մենք չունենք»,- նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով արցախահայությունն իսկապես հայտնվել է չափազանց ծանր և դժվարին իրավիճակում։ Ըստ էության սա ոչ միայն սովորական բլոկադա է, այլև պաշարված ամրոցի գրոհի փորձ։

«Բոլոր հնարավոր տեղերում, որտեղ կարելի է ճնշում գործադրել և ամեն ինչ անել, որպեսզի Արցախը կենսունակ չլինի, Ադրբեջանն արդեն այդ քայլերն իրականացնում է։ Բայց համոզված եմ, դրա մասին նաև հայտարարել եմ, որ ամեն դեպքում Ալիևի այս քայլը հենց իր  համար ճակատագրական սխալ է եղել, որովհետև Ալիևն այս պահին դուրս է եկել ոչ միայն Արցախի հայության դեմ, այլև միջազգային ամենաբարձր մակարդակներում ձևավորված կոնսենսուսի և այդ նույն բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ։ Ավելի քան համոզված եմ, որ սա Ալիևին չի ներվելու։

Իհարկե, դժվար է ասել, թե ժամկետների տեսակետից երբ կգա պատիժը, բայց համոզված եմ, որ պատիժը լինելու է։ Մենք՝ որպես ժողովուրդ, շանս ստանալու ենք ինչ-որ բաներ վերականգնելու և Արցախն այդ դժվարին վիճակից դուրս բերելու համար»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ արդյո՞ք այդ շանսը հայկական կողմը կօգտագործի, Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց՝ եթե այդ շանսը հայ ազգը չօգտագործեց, ուրեմն՝ որպես պետություն դադարելու է գոյություն ունենալ։

«Այսինքն՝ սա սպառնալիք է Արցախին, կամ ոչ այնքան Արցախին, որքան Հայաստանին, դրա համար մենք այս շանսը չօգտագործելու որևէ ռեսուրս չունենք։ Չօգտագործեցինք՝ որպես պետություն ուղղակի դադարելու ենք գոյություն ունենալ։ Հետագայում կորցնելու ենք նաև հայրենիքի այս հատվածը, բայց որպեսզի օգտագործենք, պետք է պատրաստ լինենք, մենք չենք կարող նստել ու ոչինչ չանել, և երբ  հարմար պահը գա, տեսնենք, որ այդ տնային աշխատանքը չի արվել։  Տնային աշխատանք ասելով, առաջին հերթին՝ դավաճան իշխանություններին հեռացնելը նկատի ունեմ, այնուհետև՝ ազգային ռեսուրսների մեկտեղում ու կուտակում, և այդ օրվան պատրաստվել, ոչ թե խոսքով ու հայտարարություններով պատրաստվել, այլ իրական գործով»,- ընդգծեց քաղաքագետը։

Թե որքանո՞վ է ռիսկը մեծ, որ շրջափակված Արցախի պայմաններում Ադրբեջանը կգնա ռազմական էսկալացիայի, Հ. Մելիք-Շահնազարյանը պատասխանեց, որ այս պահին էլ Ադրբեջանն առանց ռազմական էսկալացիայի կարողանում է խնդիր լուծել, այդ պատճառով էլ ինչո՞ւ ավելորդ ռեսուրսների ու աղմուկի խնդիրները լուծի։

Քաղաքագետի կարծիքով՝ այս փուլում Ադրբեջանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայի ճանապարհով որևէ հարց լուծել։

«Սակայն այլ հարց է, որ ամեն դեպքում պատերազմն անխուսափելի է լինելու, այսինքն՝ շանսը, որի մասին խոսում էի, հենց պատերազմի մասին էր, ինչը չեմ համարում ռիսկ, եթե մենք տնային աշխատանքը կատարած լինենք։ Այդ պահից պատերազմը ոչ թե ռիսկ է լինելու հայկական կողմի համար, այլ  շանս։ Պարզ է, որ Ալիևն ինքնակամ այդ անցակետերը չի հանելու, բայց նաև պարզ է, որ քանի դեռ կան այդ անցակետերը, Արցախը չի կարող գոյատևել, և դա պետք է չեզոքացնել։ Մենք ժամանակ շատ չունենք և որպես ժողովուրդ՝ պետք է ներքին այս խնդիրներն արագ լուծենք, որպեսզի կարողանանք օգնության ձեռք մեկնել Արցախի մեր հայրենակիցներին»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների անելիքներին, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց՝ ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում իրականացնել իրենց վերապահված լիզորությունները։ Նրանց անելիքն այն պետք է լիներ, որ իրենց պատասխանատվության գոտում ադրբեջանցիներն անցակետ չտեղադրեին։ Ավելին, նրանց պատասխանատվության գոտում ադրբեջանցիները, այսպես կոչված, «բնապահպաններ» չպիտի կանգնեցնեին։

«Այն, որ Ադրբեջանն այս բոլոր քայլերն արել է, ռուս խաղաղապահների բացթողումն է։ Ընդ որում, հատկանշական է, որ արտգործնախարարության, ՊՆ հայտարարությունների մակարդակներում ռուսական կողմը մեկ բան է ասում, անթույլատրելի է այդ ամենը համարում, բայց գետնի վրա չի կարողանում կամ չի ցանկանում կանխել նման զարգացումները։ Կարծում եմ՝ Ռուսաստանում այս իրավիճակը, միևնույն է, կարող են դեռ շտկել, այսինքն՝ այս պահին ունեն այլ առաջնահերթություններ, հիմնականում՝ Ուկրաինայով պայմանավորված, զբաղվում են դրանով և փորձում այդ առաջնահերթություններին վնասող որևէ քայլ չանել։ Իսկ թուրք-ադրբեջանական դաշինքը հակամարտությանը վնասելու  է, փորձում են ժամանակ շահել, որպեսզի այնտեղ խնդիրը լուծեն, վստահ լինելով, որ այստեղ կկարողանան ամեն բան շտկել։ Ինքս ռուսական կողմի փոխարեն՝ այդքան վստահ չէի լինի Հարավային Կովկասի հետ կապված խնդիրներում։ Պետք է փաստենք, որ ռուսական կողմի նման վարքագիծը շատ լուրջ հարված է իրենց հեղինակությանը՝ ոչ միայն ադրբեջանցիների ու թուրքերի, այլև՝ իրանցիների աչքում, որոնք արձանագրում են, որ ռուսական կողմն այս պահին չի ցանկանում իրականացնել իր վրա վերցրած պարտավորությունները»,- եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօր արդեն 135-րդ օրն է՝ ինչ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս