Երևանի կենտրոնին նայում ես, աչքերիցդ արյուն է թափվում. Տիգրան Ավինյան

«Այգիները պետք է լինեն կանաչապատ, երևանցիների զբոսնելու վայրը, այլ ոչ թե 1-2 «կաֆեատիրոջ» սեփականությունը: Ինչ վերաբերում է շինհրապարակներին, ապա պետք է հասնենք այն մակարդակի, որ բոլորը խստագույնս պահպանեն այն ստանդարտները և նորմերը, որոնք հիմա գործում են: Այստեղ մենք կոմպրոմիսի տեղ չունենք, որովհետև այդ ոչ պատշաճ շինարարությունների հետևանք է քաղաքում օդի աղտոտվածությունը: Իրենք իրենց չափաբաժինը, ներդրումն ունեն»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով՝ եթե խոսքը հողազավթման, ինքնակամ կառույցների մասին է, ապա շատ խիստ են լինելու:

«Խոսքը չի վերաբերում ոչ էական շեղումներին, որոնք արդեն կառավարության որոշմամբ սահմանվել են, և այդ լուծումները տրվել են։ Խոսքը չի վերաբերում նաև, օրինակ, քարտեզային շեղումներին, որտեղ դա բնականորեն՝ հաշվի առնելով մեր իրավիճակը՝ կադաստրային քարտեզի հետ կապված, մենք հասկանալով ենք մոտենում այդ բոլոր խնդիրներին։ Բայց ինչ վերաբերում է նպատակադրված նախագծից շեղումներին, հավելյալ ծավալներին, առհասարակ այլ բան կառուցելուն՝ մեր քաղաքականությունը հստակ է։ Ամեն շաբաթ սա հաղորդելու ենք:

Տարիների ընթացքում, այ էդ «մոտավորապես» մոտեցմամբ, հա դե, թողնենք կառուցեն, կառուցել է արդեն․․․ քաղաքը դարձել է այն՝ ինչ կա։ Երևան քաղաքի կենտրոնին նայում ես՝ աչքերիցդ արյուն է թափվում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս