«Այս պահին կողմերի հետ երկխոսության մեջ ենք, որպեսզի կարողանանք հստակեցնել հետագա աշխատանքը». Զառա Ամատունի

Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տարածելով Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ:  Տարածքը, ի դեպ, գտնվում է  ՌԴ խաղաղապահ զորակազմի հսկողության ներքո:

Ադրբեջանի այս գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության չորս՝ Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, նրանք կապ չունեն ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի հետ։

Այս աշխատանքներից հետո տեղեկատվություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը նույնիսկ թույլ չի տալիս Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների մեքենաները մտնեն Արցախ՝ հումանիտար աջակցության համար։

168.amԿարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ այս ընթացքում Կարմիր խաչի մեքենաները կարողացե՞լ են մտել Արցախ, առհասարակ նման պայմաններում ինչպե՞ս են իրականացնում  հումանիտար աջակցությունն Արցախին և արցախահայությանը։

Կարդացեք նաև

«Այս պահին կարող եմ միայն ասել, որ շաբաթ օրն ունեցել ենք տեղափոխման գործողություն, կիրակի և երկուշաբթի չի եղել։

Ինչ վերաբերում է  իրավիճակի հետ կապված կարգավորումներին, ապա այս պահին մենք կողմերի հետ երկխոսության մեջ ենք, որպեսզի կարողանանք հստակեցնել մեր հետագա աշխատանքը, հուսով ենք, որ դա կշարունակվի»,- նշեց Զառա Ամատունին։

Հարցին՝ ապրիլի 23-ից հետո Արցախի հիվանդանոցներից որևէ մեկը չի՞ դիմել բուժման նպատակով Հայաստան տեղափոխելու հարցով, Զառա Ամատունին պատասխանեց.

«Հիվանդանոցներից մարդիկ չեն դիմում, դիմում են հենց տեղի իշխանությունները, առողջապահական կառույցները։ Իսկ այն մարդիկ, ովքեր դիմում են, որպեսզի կարողանան տեղափոխվեն՝ ընտանիքներին վերամիավորման նպատակով, մենք հերթականությամբ կազմակերպում ենք ըստ հնարավորության։ Այսինքն՝ այդպիսի հստակ ժամանակացույց չկա, որ ամեն օր այդպիսի գործողություններ անենք։ Ըստ անհրաժեշտության մենք մարդկանց օգնում ենք, որպեսզի նրանք տեղափոխվեն»,- շեշտեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է շրջափակման հետևանքով Գորիսում մնացած Մեծ Շենի վեց բնակիչներին, որոնցից մեկը 3 տարեկան երեխա է, և հարցին՝ արդյո՞ք Կարմիր խաչը պատրաստվում է նրանց տեղափոխել Մեծ Շեն, Զառա Ամատունին պատասխանեց, որ թեմայի առնչությամբ որևէ բան չի կարող ասել, քանի որ տեղեկություններ չունի։

«Նման խնդրի պարագայում մենք, բնականաբար, ուշադիր ենք և երկխոսության մեջ ենք տեղի իշխանությունների հետ։ Բնականաբար, անհրաժեշտության դեպքում կդիտարկենք և հնարավորությունների շրջանակներում մեր գործառույթները կիրականացնենք»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Նշենք, որ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը երեկ 168.am հետ զրույցում ասել էր, որ Մեծ Շենից 6 հոգի գնացել են Գորիս առևտուր անելու, վերադարձին ճանապարհն արդեն ադրբեջանական կողմը փակած է եղել։ Այդ մարդկանց հետ կա նաև 3 տարեկան երեխա, մայրը մնացել է գյուղում, ինքը քրոջ հետ Գորիս է գնացել, որ վերադառնա, բայց մնացել են Տեղ գյուղի մոտ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այսօր արդեն 135-րդ օրն է՝ ինչ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս