«Վագիֆ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում է եղել, տեսակցել հնարավոր չի եղել. պետք է հասկանանք՝ ինչ զարգացումներ կլինեն». Սիրանուշ Սահակյան

Դեկտեմբերի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է, նրա առողջական վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություն:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր.

«Վագիֆ խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ, այո, մեր մարմինները տեղեկություններ են հավաքում, և այս պահին հրապարակային տեղեկատվությունից ավելի տեղեկություն չեմ կարող հայտնել։ Ես չէ, բայց մեր մարմիններն աշխատում են»։

ՀՀ արտգործնախարարության խոսնակն էլ 168.amին ասել էր, որ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ հիմք ընդունեն Նիկոլ Փաշինյանի աածները։

Կարդացեք նաև

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը 168.amի հետ զրույցում խոսելով Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին, ասաց, որ դեկտեմբերի 24-ին և 25-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում պահվող հայ պատանդներին, սակայն Վագիֆ Խաչատրյանին հնարավոր չի եղել տեսակցել։

«Վագիֆ Խաչատրյանը վերակենդանացման բաժանմունքում է եղել, հետևաբար՝ այդ պայմաններում հնարավոր չի եղել տեսակցել նրան։ Թե ինչպիսի վիճակում է գտնվում նա, որոշակի տվյալներ փոխանցվել է  ընտանիքին։ Այս պահին, կարծում եմ՝ ճիշտ չէ հրապարակելը, իրականում պետք է հասկանանք, թե ինչ զարգացումներ կլինեն, դրանից հետո եթե ընտանիքը նպատակահարմար համարի, որոշակի տեղեկություններ կարող են հանրայնացվել»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Շարունակելով՝ Սիրանուշ Սահակյանն արձանագրեց՝ Վագիֆ Խաչատրյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, որոնք այնքան լուրջ են, որ հանգեցրել են նրա հոսպիտալացմանը։

«Ադրբեջանի իշխանություններն այս խնդրի մասին տեղեկացված եղել են, չմոռանանք, որ Վագիֆ Խաչատրյանն Արցախից Հայաստան էր տեղափոխվում հենց բժշկական միջամտություն ստանալու նպատակով։ Գնահատվել էր նրա առողջական վիճակի լրջությունը, բուժօգնություն ստանալու անհետաձգելիությունը։ Անձն անհապաղ պետք է վիրահատվեր, ինչը տեղի չի ունեցել, այս ժամանակահատվածում Ադրբեջանում նրան չեն վիրահատել։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը սրվել է, մենք նույնիսկ այս պահին չգիտենք էլ՝ վիրահատելի՞ է, թե՞ ոչ, նույնիսկ չգիտենք, թե հետագայում հնարավո՞ր է պահպանել նրա առողջական վիճակը և հետևաբար՝ կյանքի իրավունքը»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։

Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։

Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում  կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Տեսանյութեր

Լրահոս