«Լավագույն սցենարն այս իշխանություններին հեռացնելն է, որից հետո պետք է մտածենք հայրենիքի փրկության մասին». Մետաքսե Հակոբյան

Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու  առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։

168.am-ը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ տեղեկություններ կան այդ առաջարկի վերաբերյալ և առհասարակ ինչ գործուն քայլեր են նախատեսում իրականացնել Արցախում՝ 3 ամսից ավելի Ադրբեջանի կողմից շրջափակված ճանապարհը բացելու համար։

Մետաքսե Հակոբյանը նախ ասաց, որ Արցախի իշխանությունները վաղուց արդեն իրենց ոչ պետականամետ գործողություններն անում են առանց որևէ մեկի հետ քննարկելու, և Ադրբեջանի հետ ինչ-որ հարցերի շուրջ քննարկում անելն էլ այդ ամենի հերթական դրսևորումներից է։

«Հատկապես Արցախի ու Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների վերջին հանդիպումից հետո, երբ Արցախում ադրբեջանցիները երեք ոստիկանի սպանեցին, մենք ասում էինք, որ Ադրբեջանի հետ ցանկացած հումանիտար քննարկում Արցախի շուրջ օղակը սեղմելու է։ Արդեն տևական ժամանակ է, որ Ադրբեջանն այլևս չի էլ խոսում բնապահպանական խնդիրների մասին, և ադրբեջանական «էկոակտիվիստները» լրիվ այլ պահանջներ են ներկայացնում։ Օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ իրենց օրակարգում Արցախի հետ կապված ունեն ընդհանուր մեկ հարց, որը վերաբերում է Արցախն Ադրբեջանին բռնակցելուն, իրենց լեզվով ասած՝ ինտեգրումը։ Այսինքն՝ թշնամի երկիրն ունի նման նպատակ, և այդ մասին շատ լավ գիտեն Հայաստանի ու Արցախի իշխանությունները, և նրանց թողտվությամբ Ադրբեջանի ձեռքերը երկարել են»,-նշեց Արցախի ԱԺ պատգամավորը։

Կարդացեք նաև

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ այս ամենի համատեքստում, այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, մեծ անհանգստություն է առաջացրել Արցախում, քանի որ այն, ինչի մասին նախկինում խոսում էին, այսօր իրականություն է դարձել։ Այսինքն՝ Արցախը հանձնող Հայաստանի իշխանությունն այսօր ոչնչացնում է նաև Հայաստանի Հանրապետությունը, որն այսօր նույնպիսի վտանգի մեջ է, ինչ Արցախը։

«Ցավոք, Արցախում էլ, Հայաստանում էլ ունենք իշխանություններ, որոնք որևէ բան չեն անում, հակառակը՝ իրենց ցանկացած գործողություն կամ հայտարարություն, որը ուղղված է նրան, թե իբր ինչ-որ բան են անում, կրկին աշխատում է ի վնաս երկու հայկական պետությունների։ Եթե որոշ ժամանակ առաջ մենք հայտարարում էինք, որ Հայաստանի իշխանությունն իր ձեռքերը լվացել է Արցախից, ապա այսօր այդ փուլն ավարտվել է, սկսվել է արդեն Արցախի հանձնման փուլը, իսկ Արցախի իշխանություններն իրավիճակը չեն փոխում։ Հետևաբար՝ Արցախի ու Հայաստանի փրկության համար օրվա իշխանությունները չպետք է լինեն կառավարման ղեկին»,-շեշտեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Արցախի իշխանություններին հեռացնելու մեխանիզմները շատ են, և այդ մեխանիզմները գործարկելու հետ կապված արդեն տևական ժամանակ աշխատում են սպասվող իրադարձությունների սցենարի վրա։ Այդ սցենարը շուտով ամբողջական կներկայացվի հանրությանը։

«Եթե չի ստացվում այս իշխանություններին հեռացնելը, կամ նրանք իրենց կամքով չեն հեռանում, ուրեմն՝ պիտի մեխանիզմներ գտնենք դրա համար, ինչը մենք արդեն անում ենք։

Կրկնում եմ՝ լավագույն սցենարն այս իշխանություններին հեռացնելն է, որից հետո պետք է մտածենք հայրենիքի փրկության մասին, նրանց մնալով՝ պետք է մոռանանք հայրենիքի փրկության մասին։ Նույնիսկ, եթե այս պահին էլ իրենք չեն հեռանում, կրկին անելիք ունենք։ Հիմա մենք հավաքվել ենք վախի շուրջ, այն վախի, որ կկորցնենք Արցախն ու Հայաստանը, և անկախ աշխարհաքաղաքական հայացքներից, բոլորս հայրենիք ունենալու համար ենք պայքարում։ Չգիտեմ, թե որքանովէմեզ հաջողվել այդ իդեալական տարբերակն ունենալ, բայց առաջիկա 1-2 օրվա ընթացքում այն կներկայացնենք։ Մենք փնտրում ենք առաջնորդներ, գաղափարախոսներ, բայց եթե միասնական լինենք, ապա Հայաստանում էլ, Արցախում էլ կլինեն առաջնորդներ»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս