Բաժիններ՝

Թրամփին մեղադրող դատախազը սպիտակ փոշիով և սպառնալիքներով նամակ է ստացել

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգը, որը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, սպիտակ փոշիով և իր հասցեին ուղղված սպառնալիքներով հերթական նամակն է ստացել:

NBC News հեռուստաալիքի տվյալներով` փոշի պարունակող ծրարի մեջ նամակի և փոշու հետ եղել են նաև Բրեգի և Թրամփի լուսանկարները։ Նամակի բովանդակության կամ ուղարկողի մասին լրացուցիչ տեղեկություն չի հաղորդվում։

Fox News հեռուստաընկերության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել Նյու Յորքի ոստիկանները և Շրջակա միջավայրի պաշտպանության վարչության աշխատակիցները: Ըստ Բրեգի գրասենյակի տարածած հայտարարության՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի կողմից ստուգման արդյունքում պարզվել է, որ նամակում առկա փոշին վտանգ չի ներկայացնում:

Միջադեպից մեկ շաբաթ առաջ Բրեգը 34 կետով մեղադրանք էր առաջադրել Դոնալդ Թրամփի դեմ, ինչի համար քննադատության է ենթարկվել Թրամփի և նրա կողմնակիցների կողմից:

Fox News-ը հիշեցնում է, որ դատախազի գրասենյակն առաջին անգամ չէ թիրախավորվում. անցյալ ամիս դատախազության շենք էր ուղարկվել ևս մեկ փաթեթ, որում սպիտակ փոշի էր հայտնաբերվել, իսկ նամակում գրված էր եղել. «Էլվին, ես քեզ կսպանեմ»:

Նշվում է, որ այդ ժամանակ Բրեգը դեռ հստակ չէր որոշել՝ ընթացք տալ Թրամփի դեմ մեղադրանքի առաջադրմանը թե ոչ:

Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ դարձել է պետության առաջին նախկին ղեկավարը, որը քրեական հետապնդման է ենթարկվել։ Նախկին նախագահին մեղադրում են բիզնես հաշվետվությունները կեղծելու մեջ: Ըստ դատախազների՝ Թրամփը դավադրություն է կազմել 2016 թ.-ի նախագահական ընտրություններից առաջ՝ փորձելով թույլ չտալ տեղեկատվության արտահոսք, որը կարող էր վնաս հասցնել իր ընտրարշավին: Ըստ մեղադրանքի՝ Թրամփը գումար է վճարել երկու կանանց, որպեսզի նրանք չբարձրաձայնեն իր հետ ունեցած սեռական կապի մասին: Այդ կանանցից մեկը պոռնոաստղ Սթորմի Դենիելսն է, իսկ մյուսը՝ «Playboy»-ի նախկին մոդել Քերեն ՄաքԴուգալը: Թրամփին մեղադրանք է առաջադրվել նաև 2020 թ.-ի ընտրություններում կրած պարտությունից հետո Ջորջիայում արդյունքները չեղյալ հայտարարելու փորձի, ինչպես նաև պաշտոնաթողությունից հետո գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ կերպով վարվելու համար:

Թրամփը և նրա աջակիցները քանիցս հայտարարել են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Թրամփն արդեն պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս