Բաժիններ՝

Ոստիկաններն ատեստավորում կանցնեն, 3 տարվա ընթացում սերտիֆիկատ չստացածները կազատվեն ծառայությունից

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մայիսից Հայաստանում ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման համակարգ, ատեստավորում անցած ծառայողները կստանան հավելավճար:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 30 ձեռնպահ ձայներ:

Փաթեթով առաջարկվում է Ոստիկանության համակարգում ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի նպատակն է բարձրացնել ծառայության գրավչությունը, նաև որակյալ կադրերին տրամադրել սոցիալական ավելի բարձր երաշխիքների փաթեթ՝ ի դեմս հավելավճարների հաշվարկման:

Երեք տարվա ընթացքում ոստիկանության գործող ծառայողները հնարավորություն են ունենալու մասնակցել ատեստավորման գործընթացին: Եթե հաջող կերպով հաղթահարեն ատեստացիան, ապա կստանան ավելի բարձր հավելավճար, որը թույլ կտա ավելի բարձր աշխատավարձով շարունակել համակարգում իրենց աշխատանքը: Եթե, օրինակ, առաջին փորձը չստացվի, ապա ծառայողին 3 տարվա ընթացքում ևս 2 հնարավորություն է տրվում մասնակցելու ատեստացիային:

Նախագծով նախատեսվում է նաև, որ 3 տարվա ընթացքում ընդամենը 1 անգամ Ներքին գործերի նախարարությունը կաջակցի ծառայողներին, որ նրանք վերապատրաստվեն, հետո նոր ատեստացիա անցնեն:

Ատեստավորման կարգը և հավելավճարների չափերը սահմանվելու են կառավարության որոշման շրջանակներում: Փաթեթն ամբողջությամբ ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2023 թ մայիսի 1-ից, այսինքն՝ մայիսի ընթացքում ոստիկանության ծառայողներն արդեն կկարողանան մասնակցել ատեստավորման գործընթացին:

Այս ատեստավորումը պարտադիր է: «Եթե 3 տարվա ավարտին անձը չկարողացավ հավաստել, որ անցել է ատեստացիան, այսինքն՝ չունեցավ սերտիֆիկատը, ապա այս դեպքում անձը ենթակա է ծառայությունից ազատ արձակման»,-նշել էր փոխնախարար Արփինե Սարգսյանն ԱԺ-ում նախագծի ներկայացման ժամանակ:

Նախագիծը երկորրդ ընթերցմամբ քննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս