«Պատրաստ ենք սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունների հիման վրա». Փաշինյան

«Ի հեճուկս մեր կողմից գործադրված բոլոր ջանքերի, ցավոք, չհաջողվեց Հայաստան-Ադրբեջան սահմանի՝ Տեղ գյուղի հատվածում սահմանապահների ընթացող տեղակայումն իրագործել առանց սրացումների»,- Կառավարության այսօրվա նիստում՝ նախքան օրակարգի հարցերին անցնելը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն այդ հատվածում հերթական սադրանքն իրագործեց, որի հետևանքով մեր Զինված ուժերի 4 զինծառայողներ զոհվեցին՝ անձնվիրաբար կատարելով իրենց զինվորական պարտքը և պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը, ապա Փաշինյանը շարունակեց խոսքը.

«Դեպքի մանրամասներին այս պահին չեմ անդրադառնում, որովհետև կարծում եմ՝ հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին: Ինչ վերաբերում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ՝ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածն ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով:

Կարդացեք նաև

Միևնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին:

Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրամիության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը, խոսքը հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի:

«Ահա այդ սահմանագիծը պետք է հարգվի», արձանագրվել է Եվրամիության հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է այդ սահմանագծից 2 կողմերի Զինված ուժերի ետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի՝ Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով:

Մենք այս մասով մեր պատրաստակամությունը հայտնում ենք 2021 թվականից, և նման գործողությունը բխում է վերը հիշատակված Պրահայի քառակողմ և Սոչիի եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունից:

Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը: Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում, այդպես էլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցում, որն Ադրբեջանի կողմից շարունակվում է՝ ի հեճուկս նաև միջազգային դատական բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշման: Բայց դատարանի որոշումը չկատարելու պարագայում կան նախանշված միջազգային մեխանիզմներ, և մեր ջանքերը պետք է կենտրոնանան այդ մեխանիզմների գործարկման վրա:

Միևնույն ժամանակ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ և ներգրավված լինել՝ տարածաշրջանային բոլոր հարցերը, ԼՂ հիմնախնդիրը և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցություններով կարգավորելու քաղաքականությանը:

Մենք պատրաստ ենք նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի
վերաբացմանը՝ նախկինում մեր բարձրաձայնած սկզբունքների հիման վրա: Պատրաստ ենք նաև սահմանների դելիմիտացիային՝ Պրահայի և Սոչիի վերը հիշատակված պայմանավորվածությունների հիման վրա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս