Տեղ համայնքում 90-ականներին ադրբեջանցի չի եղել, այն սահմանային գյուղ էր, որն ունեցել է իր սահմանները. Հենրիկ Քոչինյան

Մարտի 30-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն արգելափակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի մեջտեղի հատվածը, որից հետո առաջ են գնացել Տեղ համայնքի տարածքում ու սկսել հենակետեր տեղադրել։ Թշնամու առաջխաղացման հետևանքով համայնքի դաշտերը, արոտավայրերը մնացել են նրա հսկողության տակ, 80 հեկտարից ավելի հող այս պահին թշնամու հսկողության տակ է։

Այս ներխուժումից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության հեթական նիստում ասել էր, որ Տեղ համայնքում 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են։

168.am-ի հետ զրույցում 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն ասաց, որ նույնիսկ 90-ականներին Տեղ համայնքի տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։

«Տեղ գյուղը սահմանային գյուղ է եղել, այն ժամանակ հստակ սահման է եղել, թե որն է Հայաստանի սահմանը, և որն է Ադրբեջանի սահմանը։ Ադրբեջանցիների համար այն ժամանակ որպես բնակավայր սկսվել է Զաբուխ գետի հովտով, այսինքն՝ Տեղ գյուղի հետ կապված այդպես մոտիկ բնակավայր չեն ունեցել, և նրանց շրջկենտրոնը եղել է Բերձորը, այն ժամանակվա Լաչինը։

Կարդացեք նաև

1992 թվականի ամռանը մենք Լաչինն ազատագրեցինք, ստեղծեցինք միջանցք, որպեսզի Հայաստանը կապվի Արցախի հետ։ Արցախը մինչ այդ լրիվ շրջափակման մեջ էր մնացել, որտեղ միայն ուղղաթիռներ կարող էին գնալ, տրանսպորտային այլ միջոց չէր կարող մտնել։ Մենք առաջինը մտածեցինք ու Բերձորով այդ կապն ապահովեցինք, որպեսզի ազատ Արցախ ունենանք։ Շուրջ 30 տարի մենք ազատ Արցախ ունեինք, որի ճակատագիրն այսօր ես չգիտեմ, թե ինչպես է լուծվելու»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Նրա խոսքով՝ Տեղ գյուղում 12 կիլոմետր ճակատային գծում, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, 7 կիլոմետրի վրա կարծես վիճելի ոչինչ չկա։ Այսինքն՝ ստացվում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն ընդունում են, թե սահմանային հատվածը որտեղով պետք է անցնի։

«Հիմա ինքս խիստ կասկածում եմ, որ առաջ եկած հատվածներից ադրբեջանցիները հետ կքաշվեն, նախորդ տարիներն էլ դա են ապացուցում։ Առաջին հերթին մեր կողմից պիտի համապատասխան ճնշումներ գործադրվեն, դրանից հետո նոր հույս դնենք, թե միջազգային որևէ կառույց կգա ու մեզ համար ընդունելի որևէ սահմանային գիծ կքաշի։

Ադրբեջանցի այդ մոլորված զինվորները, որոնք հայտնվել էին Սիսիանում, հնարավոր է, որ իսկապես մոլորվել են, առայժմ այդ վարկածը չբացառենք։ Որպեսզի ադրբեջանցիներն այլևս առաջ չգան, թիվ մեկ նախապայմանն այն է, որ մեր սահմանները մեր ընտանիքներից ավելի լավ պիտի պահպանենք։ Եթե գնանք այդ տարբերակին, ապա մեր տուն ոչ մեկը չի մտնելու, վստահ եմ։ Եթե հակահարված ստանան, դունչները տնկած հետ կգնան իրենց բները։ Բայց եթե նրանք առաջ գան, մենք ասենք՝ դե լավ, եկեք խորհրդակցենք, տեսնենք՝ ինչ ենք անելու, և այլն, հարցը լուծում չի ունենալու։ Մեր սահմանը պետք է լինի հուսալի ու ամուր պահպանված, մեր փրկությունը դրա մեջ է։ Թշնամին ուժն է հարգում, թույլին կա՛մ խղճացել են, կա՛մ արհամարհել»,- եզրափակեց Հենրիկ Քոչինյանը։

Տեսանյութեր

Լրահոս