«Կոռնիձոր-Տեղ հատվածում սահմանի 12 կիլոմետրից 7-ում Հայաստանի և Ադրբեջանի տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են». Փաշինյան

«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված՝ Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով»,- Կառավարության այսօրվա նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելն ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված: Նախորդ օրը տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ ԼՂ մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ:

Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները, և այդ գնահատականներն առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները՝ Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար:

Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ Միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Սյունիքի մարզի Տեղ գյուղում թշնամու առաջխաղացմանը, Փաշինյանն ասաց.

«Կառավարության նախորդ նիստին տեղեկացրի, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնման բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կողմից: Նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար:

Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է՝ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ 2 կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ:

Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի՝ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում:

Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2 կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:

Մասնավորապես 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:

Մեր տրամադրվածությունը եղել և շարունակում է մնալ իրավիճակից՝ էսկալացիայից խուսափելը: Հույս ունեմ, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում, համենայնդեպս, սա է մեր տրամադրվածությունը»:

Ինչպես Կառավարության նախորդ նիստերին, այսօր ևս ամփոփելով ելույթը՝ Փաշինյանը դիմեց Կառավարության անդամներին և ժողովրդին՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին.

«Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում մեզ հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն՝ տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար: Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ ՀՀ կառավարությունն անհոգնել վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս