Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելին հետքայլի կոչ է անում

Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը որոշակի ճգնաժամ է առաջացրել Իսրայելի և Թուրքիայի միջև։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի էր ունեցել «Հայոց ցեղասպանության» հուշահամալիրի բացման արարողությունը։

Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմի արարողության ընթացքում ելույթ է ունեցել։ Ելույթ էր ունեցել նաև Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, ով նշել էր, որ այս հուշարձանը «կարևոր քայլ է Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման համար»։

Ըստ իսրայելական «Times of Isarel» թերթի՝ արարողությունն արժանացել է Անկարայի բուռն արձագանքին։ Հաղորդվել է, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը բողոքել է միջադեպի կապակցությամբ՝ նամակ ուղարկելով Հայֆայի քաղաքապետ Կալիշ-Ռոտեմին։

Նամակում Թորունլարը պահանջել է չեղարկել որոշումը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կարող է վատթարացնել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները։

Հայֆայի քաղաքապետարանի խոսնակ Էլիրան Թալը կոչ է արել Իսրայելի կառավարությանը «ճանաչել ցեղասպանությունը»՝ նշելով, որ Թուրքիան ճնշում է գործադրում որոշումը չեղարկելու համար։

Թուրքական կողմը հիշեցնում է նաև, որ նմանատիպ հուշարձան է բացվել 2020 թվականին Թել Ավիվին մոտ գտնվող Պետա Տիկվա շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս