«Կինը միշտ էլ ձգտում է թույլ լինել: Ես կարողանում եմ թուլանալ, երբ ուժեղ տղամարդ է իմ կողքին»
Ասում է հեռուստահաղորդավարուհի, Սիրոշոյի մենեջեր, «Օրանժ ֆիթնես» կենտրոնի PR մենեջեր Արևիկ Ուդումյանը
– Տարիներ առաջ, շատ պատահական ստացվեց Ձեր մուտքը հեռուստատեսություն, կպատմե՞ք այդ մասին:
– Այո, ես այն ժամանակ սովորում էի Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում, և իսկապես մեր ամբողջ ընտանիքը շատ հեռու էր հեռուստատեսության ոլորտից: Մի օր ընկերուհիս ասաց ինձ, որ նոր հեռուստատեսություն է բացվում, և նոր կադրերի կարիք ունեն: Ես այդ ամենի մասին ասացի ընտանիքիս, նրանք թեև չառարկեցին, բայց նաև չողջունեցին իմ ասածը: Հայտարարվել էլ քասթինգ, ես ներկայացրի հայտ և գնացի մասնակցելու: Դա միակ բանն էր, որ ես արեցի՝ առանց ծնողներիս գիտության: Հիմա, երբ հիշում եմ, թե որքան անկաշկանդ և առանց բարդույթների էի ես այդ հարցազրույցի ժամանակ, և թե ինչեր էի ասում, ինչպես էի խոսում իմ պատկերացումների մասին, հասկանում եմ, որ գուցե հիմա այդպես չկարողանայի ինձ պահել: Ես անցա հարցազրույցը և սկսեցի աշխատել «Դար 21» հեռուստաընկերությունում: Հեռուստաընկերությունը և իր փոքրիկ թիմը միասին սկսեցին առաջին քայլերը: Ասել եմ և նորից կկրկնեմ, որ «Դար 21» հեռուստաընկերությունն ինձ համար մեծ դպրոց էր: Այն ժամանակ դա ինձ համար միայն աշխատանք չէր, ամբողջ աշխատակազմն ապրում էր մեկը մյուսով, միմյանց օգնելով առաջ էինք գնում:
– Առավոտյան հեռուստածրագիր եք վարում: Ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ ձևաչափը:
– Դա ինձ համար շատ ավելի հետաքրքիր է: Այն իրադարձային է, ունի ակտուալություն, քեզ ստիպում է հետևել կատարվող իրադարձություններին, լինել ուշադրության կենտրոնում: Այս ֆորմատն ինձ համար շատ ցանկալի ու հետաքրքիր է: Կան հեռուստատեսային հաղորդումներ, որոնք կորցրել են իրենց ակտուալությունն ու հետաքրքրությունը: Մարդիկ հոգնել են նույն դեմքերին եթերով տեսնելուց, հոգնել են նրանց կյանքի պատմությունները լսելուց, նրանց սերերին ծանոթանալուց: Այդ ամենն ինձ համար անհետաքրքիր է: Առավոտյան ծրագրով հանդես ենք գալիս արդեն 1.5 տարի, և այն բավական հետաքրքիր ու անկանխատեսելի է: Այն նաև հնարավորություն է տալիս ընդլայնվել, խոսել տարբեր ոլորտների հյուրերի հետ:
– Եթերում այսօր Ձեզ ի՞նչը չի բավարարում:
– Ընդհանուր դաշտի մասին խոսելիս՝ կասեի, որ ավելի լավ կլիներ, եթե մեր շուկան անհամեմատ մեծ լիներ: Խոսքս թե՛ հեռուստատեսության, թե՛ շոու-բիզնեսի ասպարեզին է վերաբերում: Բացի այդ, կցանկանայի ավելի շատ մասնագետներ ու որակյալ տեխնիկա լիներ, որպեսզի աշխատանքն էլ լինի որակյալ: Այդ ամենը շատ կարևոր է, բայց ոլորտում կա ևս մեկ գործոն, որի թերացումները խնդիրներ են ծնում: Ես շատ եմ ցանկանում, որ ոլորտի մարդիկ և առհասարակ մարդիկ լինեն ճշտապահ, ինչը մեր օրերում հաճախ բացակայում է: Միշտ չէ, որ բոլոր պայմանավորվածությունները հենց պայմանավորված ժամանակին ու ձևով են կատարվում: Կա ևս մեկ կարևոր խնդիր՝ կադրերի խնդիրը: Տեղական բոլոր հեռուստաընկերությունները հաճախ լավ կադրերի խնդիր են ունենում:
– Ոլորտը բա՞ց է նոր կադրերի համար:
– Ինձ այնքան շատ են հարցնում՝ ինչպե՞ս դիմել, ո՞նց մուտք գործել հեռուստատեսություն: Մի կողմից՝ ասում ենք՝ ոլորտը փակ է, մյուս կողմից էլ՝ հեռուստատեսությունում կարող ես տեսնել մեկին և չհասկանալ թե ո՞վ է եթերում և ինչի՞ համար է: Երևի կյանքն այսօր այնքան է արագացել, որ մարդիկ ալարում են մեկին աճեցնել, սովորեցնել, կրթել: Երևի պատրաստի պրոդուկտի են ձգտնում, ինչ որակ էլ որ լինի:
– Չե՞ք ցանկանում հետ վերադառնալ Ձեր մասնագիտությանը:
– Ես փորձում եմ որոշ չափով օգտագործել տնտեսագիտական իմ գիտելիքները: Կառավարում, մենեջմենթ, հանրային կապեր, PR. դրանք ամբողջանում են իմ մասնագիտության մեջ, որն ինձ շատ է օգնում: Ես հիմա էլ եմ զբաղվում մարքետինգով, PR-ով: Իրականում, եթե հետ եմ նայում, հասկանում եմ, որ տնտեսագիտությունն ինձ շատ է պետք գալիս: Ընդհանրապես այն մարդիկ, ովքեր շարժվում են տրամաբանորեն, առավել հեշտ են դասավորում իրենց աշխատանքները, ճիշտ են խնդրին մոտենում, իսկ այդ ճշգրտության մեջ ամեն բան առավել հարթ է դառնում:
– Ճշգրտությունների մեջ որքանո՞վ է Ձեր մեջ ապրում երազելու կարողությունը:
– Եթե այդ ամենի մեջ կորիզը մշակութայինն ու գունավորն է՝ չես կորցնում երազելու կարղությունը: Ես ինքս չեմ կորցրել իմ երազելու կարողությունը, դա նաև մարդուց է գալիս: Միգուցե անհետաքրքիր թվամ, բայց ես մեծ երազանքներ չունեմ: Մյուս կողմից էլ՝ դա լավ է, ես հասցնում եմ ապրել: Անընդհատ սպասելով, անընդհատ ձգտելով՝ մոռանում ես ինքդ քեզ: Ես ուղղակի ապրում եմ ամեն օրով, միայն ցանկանում եմ, որ ինձ համար հարազատ մարդիկ լինեն առողջ ու ապրեն երկար: Մարդիկ միշտ սպասման մեջ են: Վերջերս կարդում էի հետևյալ նախադասությունը՝ երջանիկ է այն մարդը, ով ապրում է ամեն օրը: Թվում է, թե հասարակ նախադասություն է, ոչ մի անսովոր կամ արտասովոր բան, բայց շատ մեծ ու խորը իմաստ կա այդ նախադասության մեջ: Եթե դու ցանկանում ես ապրել, դու պետք է պատրաստ լինես ամեն օրդ, ամեն րոպեդ գնահատել: Հիմա ես չեմ մտածում, որ վաղը կկարողանամ ապրել, ես մտածում եմ՝ այսօր եմ ապրելու: Եթե դու կարողանում ես տիրապետել փոքրիկ քայլերի արվեստին, կյանքն ավելի իրական, հետաքրքիր է լինում: Դու պետք է ուղղակի ապրես յուրաքանչյուր օրդ այնպես, ինչպես ցանկանում ես, որովհետև աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ հաճախ մոռանում ես քո ու քո ես-ի մասին: Ես գիտակցում եմ, որ կան մարդիկ, ովքեր ունեն կենսական խնդիրներ և ովքեր ուղղակի չեն կարող ուրախանալ փայլող արևով, ընկերների հետ ժամանակ անցկացնելով, նրանք ուղղակի ծանրացած են ամենօրյա հոգսերի տակ: Ես էլ եմ այս մոլորակի վրա ապրում ու գիտեմ, թե ինչը կարող է տանջել մարդուն, ինչը չի կարող թողնել նրան երջանիկ լինել: Դա պարզ ու օրինաչափ է, բայց եթե չունես անլուծելի կամ շատ դժվար խնդիրներ, ուղղակի փորձիր ապրել ամեն օրդ հետաքրքիր ու հաճելի, որովհետև ամեն օրվանից հետո ստացած լավ լիցքերն են, որ դառնում են հուշ ու գունավորում են կյանքդ: Մենք՝ հայերս, հաճախ դժվարանում ենք ապրել: Դրսում շատ հաճախ կարելի է տեսնել մարդկանց, ովքեր խոտերի վրա պառկած գարեջուր են խմում: Նրանց չի հետաքրքրում աշխարհում կատարվող իրադարձությունները, գլոբալ տաքացումը: Մարդը վայելում է իր օրն, ու դա իր համար հաճելի է:
– Դուք այդ ձևաչափերից օգտվո՞ւմ եք:
– Ես փորձում եմ ինձ համար ժամանակ գտնել:Փորձում եմ համադրել աշխատանքս և հանգիստս: Դժվար ու երկար աշխատանքային օրվանից հետո ես գրեթե միշտ կարողանում եմ մի կողմ դնել այդ ամենն ու երեկոյան ուղղակի լավ ժամանակ անցկացնել: Ես փորձում եմ ինձ համար գտնել այդ ժամանակը: Ես անպայման ժամանակ եմ փորձում տրամադրել նաև մարզվելուն:
– Ստացվո՞ւմ է Ձեր մեջ ապրող կնոջը ժամանակ տրամադրել:
– Այո, ստացվում է, և եթե մի օր իմ անձնական կյանքը դասավորվի այնպես, ինչպես ես եմ ցանկանում, ժամանակ ավելի շատ կգտնվի:
– Արևիկ Ուդումյանի կողքին ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի:
– Տղամարդն, առհասարակ, պետք է կնոջից լինի փոքր-ինչ ավելի կայացած, ավելի խելացի, հաջողակ: Ամեն դեպքում գենդերային հավասարությանը բոլորս կողմ ենք, բայց ես գտնում եմ, որ հաճելի է, երբ տղամարդիկ քեզանից մի քայլ առաջ են: Ինձ նման տղամարդիկ ավելի շատ են դուր գալիս: Ինձ պետք չէ, որ կողակիցս լինի փափուկ, նուրբ: Ես սիրում եմ, երբ կա ֆլիրտ, մտքերի բախում: Պահեր կան, երբ ես կարող եմ ռոմանտիկ լինել, բայց միշտ ինձ հաջողվել է կառավարել զգացմունքներս: Այնպես չէ, որ ես միշտ զգացել եմ այն, ինչ պետք է եղել: Բնական է, հասկանում ես, որ այդ պահին հնարավոր է՝ տվյալ զգացմունքը քեզ խանգարի: Ես հպարտանում եմ, իրոք հպարտանում եմ, որ կարողանում եմ կանգ առնել, կարողանում եմ հետ գնալ: Միշտ չէ, որ տրվում եմ զգացմունքներին: Իմ տեսանկյունն այսպիսին է, եթե ես այսպիսին չլինեի, ինձանից դժգոհ կլինեի: Ես կարողանում եմ հեռանալ և հետո նաև մոտենալ: Ես առհասարակ անձնական դաշտում բարդույթներ չունեմ: Իսկ տղամարդկանց համար ինձ հետ երևի հեշտ է, եթե մեծահոգի են, ուժեղ, ուրախ ու կայացած: Բայց ես կարողանում եմ թուլանալ, երբ ուժեղ տղամարդ է իմ կողքին: Միշտ էլ կինը ձգտում է լինել թույլ:
– Ձեր անձնականը պլանավորո՞ւմ եք:
– Ոչ, երբեք չեմ պլանավորում: Իմ ընտանիքն էլ երբեք չի ունեցել ամուսնության տարիքի հետ կապված կաղապարված մտքեր: Անշուշտ, երևի ժամանակը գալիս է: Ես կարծում եմ, որ ընտանիքը թիմ է, երբ քո ընտանիքի անդամներն ուժեղ են, լավն են, դա անդրադառնում է բոլորի վրա: Վստահության, մեծ սիրո, համատեղ ցանկությունների ու ծրագրերի վրա ձևավորված ընտանիքը, համոզված եմ, որ կունենա գունավոր ապագա: