Բաժիններ՝

Ինչքան բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը. թատերական գործիչները նշում են մասնագիտական տոնը

Մարտի 27-ին աշխարհը տոնում է նորին գերազանցություն թատրոնի միջազգային օրը: Թատրոն՝ երևույթ, որը մարդկանց հնարավորություն է տալիս առնչվելու գեղեցիկի, մարդկային վերելքների ու վայրէջքների, ամենավեհ գաղափարների, երբեմն ճղճիմ իրականության հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ոլորտի ներկայացուցիչները շնորհավորում են մասնագիտական տոնը՝ նորանոր նվաճումներ մաղթելով բոլոր գործընկերներին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի խոսքով՝ այն քայլերը, որոնք ձեռնարկում է նախարարությունը, անում է թատրոն երևույթի հանդեպ հարգանքից, թատրոնի լիարժեք գործունեության և դրա անհրաժեշտության գիտակցումից:

«Բժիշկն անում է իր գործը, իրավաբանն անում է իր գործը, դիվանագետն՝ իր գործը… Ցանկանում եմ, որ չվրիպելու, չսխալվելու գինը թանկ իմանալու պատասխանատավությունը նաև թատերական ոլորտն ունենա, որ հասկանա իր քաղաքացիական կարևորությունն ու հանրային կշիռը մեր կյանքում: Թատրոնը բացի արվեստ լինելուց, հսկայական թերապևտիկ նշանակություն ունի: Ինչքան ավելի բարդ են ժամանակները, այնքան ավելի շատ բան ունի ասելու թատրոնը, այնքան ավելի շատ բան կարող է այն բարձրաձայնել մարդու ենթագիտակցական վախերի, քաղաքացու ձգտումների, ապրումների, հուզումների մասին»,-շեշտում է փոխնախարարը:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ բոլոր ժամանակներում թատրոնի կարևորագույն գործառույթը մարդու մեջ մարդ հայտնաբերելն է եղել:

«Պիկասոն արվեստի մասին հրաշալի է արտահայտվել: Նա ասել է, որ արվեստը կյանք է, բայց՝ ժամանակակից հայացքով: Ըստ իս՝ թատրոնի հիմնական գործառույթը դա է: Մենք բոլոր դեպքերում ուսումնասիրում ենք կյանքը, մարդուն, փորձում ենք կերպարների միջոցով հասկանալ ինքներս մեզ, մեր շրջապատը: Թատրոնը շատ կապված է կյանքի հետ, հենց այսօրվա կյանքի հետ: Երբեմն պարզունակ է ընկալվում արձագանքել կոնկրետ իրադարձություններին, և թատրոնը պարտվում է, երբ մակերեսային է մոտենում դրան»,-նշում է Բաբայանը:

Նա կարծում է՝ յուրաքանչյուրիս կյանքում առկա երևույթները գալիս են մարդկանցից, և եթե չի ուսումնասիրվում մարդու կյանքը, հնարավոր չէ հասկանալ նաև երևույթների խորությունն ու դրդապատճառը, և քանի որ մարդու կյանքը կարելի է ուսումնասիրել մշտապես և այդտեղ հատակ չկա, ինչքան խորանում ես, այնքան նոր խորություններ են բացվում:

«Տոնն ստեղծվել է, որպեսզի ժողովուրդներն իրար հասկանան, խաղաղություն տիրի, իսկ թատրոնն իրար հասկանալու համար է: Պետք է նաև փաստել, որ ներկայացումը երբեք չի կայանում, եթե այն անմիջական կապ չունի հանդիսատեսի հետ, եթե հանդիսականը չի դառնում ստեղծագործության համահեղինակը: Այն, ինչ անում են դրամատուրգը, ռեժիսորը, նկարիչը, կոմպոզիտորը, դերասանը, կիսաֆաբրիկատ է: Նրանց ստեղծածի վերջնական արդյունքը երևում է, երբ դրա մաս է դառնում նաև հանդիսականը՝ անկախ նրանից, թե նա սոցիալապես ինչ վիճակում է, ինչ նախասիրություններ ունի: Թատերասերը գալիս է թատրոն, հուզվում է, ապրում նույն հույզերով, նույն հիասթափություններով, ազդեցություններով»,-ասում է Ռուբեն Բաբայանը:

Տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարը հավաստիացնում է, որ թատրոնը միավորում է մարդկանց՝ անկախ կարգավիճակից ու մոտեցումներից: Թատրոնի միջազգային օրը Բաբայանի համար ևս մեկ հնարավորություն է շնորհավորելու միմյանց, հաջորդ օրը տոնի մասին մոռանալ ու անցնել աշխատանքի: «Տարվա մեջ գոնե նման մեկ օր անհրաժեշտ է, որն առիթ է ընձեռում բարի ժպիտով շնորհավորել իրար, ուրախանալ միմյանց հաջողություններով, տխրել անհաջողություններից, բայց հասկանալ, որ թատրոնով զբաղվող բոլոր մարդիկ մեծ ընտանիք են, որի անդամներն ընտրել են այնպիսի ասպարեզ, որը պահանջում է մեծագույն զոհաբերություն, ինքնազոհություն, նվիրում: Երբ տեսնում ես, որ մարդուն ուսումնասիրելով բեմում՝ նոր մարդ ես ստեղծում, որովհետև յուրաքանչյուր կերպար բեմում նոր մարդ է, կարող ես ասել, որ թատրոնը նաև աստվածային գործառույթ ունի: Դա հենց այն է, ինչը մեզ դարձնում է ընտանիք, որում լինում են տարաձայնություններ, վեճեր, և կայացած է այն ընտանիքը, որի բոլոր անդամներն իրար սիրում են: Եթե թատրոնի հիմքում չկա սերն իրար հանդեպ, մյուս հարցերը դառնում են անիրագործելի: Միայն սերն է, որ ծնում է ինչ-որ բան, իսկ յուրաքանչյուր նոր ներկայացում հրաշալի նոր ծնունդ է: Այնպես որ, ծնունդդ շնորհավոր, թատրոն»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էդգար Քոչարյանն էլ վստահեցնում է՝ դժվար է թատրոնի մասին խոսել առանց պաթոսի: «Շատերը զարմանում են, թե ինչու են մարդիկ ցածր վարձատրությամբ աշխատում թատրոնում: Իրականում թատրոնը մեզ համար դեղամիջոց է, առանց որի մենք չենք կարող ապրել: Վերջերս դպրոցներից մեկում հանդիպեցի աշակերտների հետ և ինձ հարցրին՝ եթե կրկին լույս աշխարհ գայի, ի՞նչ մասնագիտություն կընտրեի: Իմ միակ պատասխանն է՝ նորից կընտրեի թատրոնն ու թատերարվեստը»,-նշում է դերասանն ու հավելում՝ մարդը, որը վաղ տարիքից ընտրել է դերասանի մասնագիտությունը, դժվարանում է կյանքն առանց թատրոնի պատկերացնել:

Անդրադառնալով թատրոնի մարտահրավերներին՝ Էդգար Քոչարյանն ընդգծում է՝ հիմա բազմաթիվ հեռուստածրագեր կան, շոուներ, կա համացանցը, որը և՛ երիտասարդների, և՛ հասուն մարդկանց ուշադրության մեծ մասն է զբաղեցնում: «Դասական լինելով՝ թատրոնը պետք է կարողանա ժամանակին համընթաց քայլել և հաշվի նստել ժամանակի մարտահրավերների հետ»,-ասում է դերասանն ու հավաստիացնում՝ թատրոնը երբեք չի մահանա, որովհետև կենդանի հաղորդակցությունը, որի կարիքն ունեն թե՛ դերասանը, թե՛ հանդիսատեսը, միշտ կլինի: «Թատրոնը հավերժ է»,-եզրափակում է Քոչարյանը:

Թատրոնի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, որից հետո այն նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս