Նիկոլ Փաշինյանի ձեռքին մնացած աշխատող գործիքը մարդկանց պատերազմով վախեցնելն է, մնացածը հնացած է. հոգեբան Կարինե Նալչաջյան
Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ եթե «ընտրություններում ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա պատերազմ է լինելու»:
Հերթական նման հայտարարությունը նա արեց այսօր առավոտյան՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որի ժամանակ ժողովրդին կոչ արեց «տեր կանգնել խաղաղությանը»։ Այս ամենին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է», չպատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրենք հավերժ պետք է մնան իշխանության, որ Հայաստանում խաղաղություն լինի։
Նիկոլ Փաշինյանի կողմից ժողովրդին ուղղված «պատերազմ կլինի, եթե ես իշխանության չլինեմ» սպառնալիքը որքանո՞վ կարող է ազդել մարդկանց հոգեբանության վրա, արդյո՞ք սա ընտրություններում մարդկանց կողմնորոշման վրա կարող է ազդել։
Հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատասխանելով այս հարցերին, ասաց՝ նախընտրական այս փուլում այն գործիքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ունի իր ձեռքին, մեծ մասամբ հնացած են՝ մարդկանց սիրաշահելը, իբր թե հասարակ մարդու կերպարանք ընդունելը և այլն։
«Նիկոլ Փաշինյանի ձեռքին մնացած աշխատող գործիքը մարդկանց պատերազմով վախեցնելն է։ Վախն ամենախորքային, ամենարխայիկ ապրումներից մեկն է, իսկ պատերազմը, հատկապես՝ այսքան ավեր ու արյուն տեսնելուց հետո, մարդիկ ամենաշատը երևի դա չեն ցանկանում, որ պատերազմ լինի։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող թեզերից միայն այս ամենը կարող է ինչ-որ չափով աշխատել, բայց չեմ ասի, թե շատ ազդեցիկ է լինելու։ Այն մարդիկ, որոնց գիտակցությունն ու վերլուծելու կարողությունը տեղն է, կույր հույզերի տակ չեն, իրենք շատ էլ լավ հասկանում են, որ այս իշխանությունը և խաղաղությունն իրարից այնքան հեռու են, որքան երկիրն ու երկինքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Նալչաջյանը։
Ըստ հոգեբանի, այն վիճակը, որի մեջ Նիկոլ Փաշինյանն իրեն դրել է՝ իր թիմի հետ միասին, վտանգավոր է, որովհետև բաց տեքստով չեն ասում, բայց արդեն ծաղրում են ժողովրդին։
«Աբսուրդի ժանրից է այս ամենը, սա ծաղր է մարդկանց հանդեպ, ասում է՝ «ինչ ուզում եք՝ արեք, ձեր երգը երգված է»։ Հասկանալի է, սա ծիծաղ, զզվանք ու այլ էմոցիաներ է առաջացնում, որին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը պարապ չէ, նա գործ է անում, իր ծրագրերն է առաջ տանում, այն էլ՝ շտապողական կարգով, որի համար էլ հասարակությանը զբաղեցնում է անհեթեթություններով։
Այնպես որ, նրա այս պահվածքն արդեն շատ վտանգավոր է, չի կարելի այս կարգի արհամարհել, զզվել։ Նրանք այս ամենով հայ ազգի հավաքական կերպարն են փչացնում, նվազեցնում հայ ժողովրդի ինքնագնահատականը»,- հավելեց Կարինե Նալչաջյանը։
Շարունակելով՝ հոգեբանն ասաց, որ «գունավոր հեղափոխությունները», որոնք տեղի են ունենում աշխարհում, դրանց նախորդում են ազգերի ինքնագնահատականի նվազումը, հետևաբար՝ այսօր տեղի ունեցող խեղկատակություններն ինքնանպատակ չեն արվում։
«Այսօր շատ ենք, չէ՞, լսում, երբ մարդիկ ասում են՝ այս ի՞նչ ազգ ենք, այս ի՞նչ ժողովուրդ ենք, սա այն է, ինչ ուզում է այս իշխանությունը։ Մեր հավաքական ընդդիմությունը պետք է սրա վրա աշխատի՝ բարձրացնի մեր ժողովրդի ինքնագնահատականը։ Եթե իշխանություններին ժողովրդի ձայնն է պետք, դրա համար էլ ընկել են փողոցները, դրա համար մարդիկ պետք է հասկանան, որ իրենց ձայնը կարևոր է և այդ ձայնով կարող են այս երկրում ինչ-որ բաներ փոխել»,- ընդգծեց Կարինե Նալչաջյանը։



