Բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր վտանգված են. Ազգային կինոկենտրոնը հրատապ է համարում թվայնացումը
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավարությունը հրատապ է համարում արխիվային ֆիլմերի թվայնացումը: Արխիվներում գտնվող բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր վտանգված են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը նշեց, որ ծավալը բավական մեծ է:
«Պատկերացնում եք, 100 տարվա ընթացքում որքան տարբեր ժանրերի ֆիլմեր են ստեղծվել՝ խաղարկային, վավերագրական, անիմացիոն: Կինոկենտրոնը 2018-2019 թվականից սկսեց իր առաջին քայլերը անել: Փորձում էինք վերականգնել ֆիլմեր ու քանի որ ֆինանսական հնարավորությունները սուղ էին, այդ ժամանակ կարողացանք մեր գործընկերների միջոցով վերականգնել, թվայնացնել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած հատվածները, նաև նրա ստեղծած կարճամետրաժ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը: Արդեն 2020 թվականին կինոկենտրոնը ստեղծեց ժառանգության բաժին, որ մանրակրկիտ ու պրոֆեսիոնալ ձևաչափով խնդրին ուշադրություն դարձվի»,-ասաց Շուշանիկ Միզրզախանյանը:
Այսօր արխիվային պայմաններն այնպիսին չեն, որ կարողանան կինոժառանգությունն անվնաս պահպանել: Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը նկատեց, որ ժապավենային նյութը ջերմակլիմայական հատուկ պայմաններում պահելու, անընդհատ հետևողական կերպով պահպանման պրոցեսը վերահսկելու կարիք կա:
«Ժապավենները որոշակի ժամկետ ունեն: Մենք պայքարում ենք ժամանակի դեմ, որ հնարավորինս դրանք երկար կյանք ունենան: Գալու է մի օր, երբ իրենք կենսունակ չեն լինելու, սպառվելու են: Թվայնացման այդ աշխատանքը կարևոր է: Ժամանակին կառուցված պահեստները, այսօր տարրական չափանիշներին նույնիսկ չեն համապատասխանում, որ կարողանանք այդ ամբողջ ժառանգությունը պահպանել»,-ասաց Վիգեն Գալստյանը:
Ուստի թվայնացումն անհրաժեշտություն է նախ հենց այդ տեսանկյունից, որ հնարավոր լինի հսկայական կինոժառանգության պահպանման հարցը լուծել: Մյուս կողմից շատ կարևոր է այդ ֆիլմերի հանրահռչակման հարցը: Անհրաժեշտ է ֆիլմերը հասանելի դարձնել լայն հանդիսատեսին: Այդ ֆիլմերը նաև դուրս գան արտերկիր, միջազգային փառատոններ, ներկայացվեն առցանց տարբերակով:
Ազգային կինոկենտրոնն արդեն թվայնացման աշխատանքներ կատարել է: Երեք վերականգնված ֆիլմերով էլ մասնակցել է ֆրանսիական Սինեմատեկի հովանու ներքո անցկացվող «Աշխարհի ողջ հիշողությունը» միջազգային կինոփառատոնին: Ցուցադրվել են Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» կինոնկարը՝ նկարահանված 1928 թվականին, «Երկիր Նաիրի» ֆիլմը, որը նկարահանվել է 1930 թվականին և «Դուստրը», որը ռեժիսորը ստեղծել է 1942-ին: Սրանք այն ֆիլմերն են, որոնք լայն հանրությունը չի տեսել: Ազգային կինոկենտրոնի տնօրենն ընդգծեց՝ Հայաստանում արվել է վերականգնման բոլոր փուլերի աշխատանքը:
«Շատ հպարտ ենք այս մեր արած գործով: Առաջին անգամ է որ վերականգնման աշխատանքների բոլոր փուլերն արվել են Հայաստանում: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում այդ գործընթացը կարելի է կազմակերպել: Այն արագ կազմակերպելու համար անհրաժեշտ է ստեղծել լաբորատորիա, ինստիտուտ, որը կկարողանա նոր մասնագետներ պատրաստել, ապահովել տեխնիկական հնարավորություններ»,-հավելեց Շուշանիկ Միրզախանյանը: