Արմեն Գրիգորյանը հերքում է իրենց Կառավարության ծրագրի դրույթները

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի է մասնակցել մի նախընտրական ծրագրով, որտեղ, մասնավորապես, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ գրված է։

«Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին և շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի էլ ավելի կատարելագործման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները: Դիտարկելով ՀԱՊԿ-ը որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին»:

Ավելին՝ Փաշինյանի ղեկավարած Կառավարությունը գործում է 2020 թվականի պատերազմից հետո ընդունված Կառավարության 2021-2026 թվականի ծրագրի հիման վրա, որտեղ, ՀԱՊԿ-ի մասով նույնությամբ գրված է այն, ինչ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրում։

Չնայած Կառավարության ծրագրով ստանձնած պարտավորություններին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հարցազրույց է տվել ու հերքել այն, ինչը «Քաղաքացիական պայմանագիրը» խոստացել է նախընտրական և Կառավարության ծրագրերով։

Խոսելով ՀԱՊԿ-ը լքել-չլքելու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարման մասին, Գրիգորյանը տվել է իրենց ընդունած Կառավարության ծրագրին հակասող պատասխան։

«Այն գործընթացները, որոնք ընթանում են Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև, ամբողջությամբ տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ Այդ դաշինքից հեռանալու մասին մենք բազմիցս խոսել ենք։ Մեծ հաշվով, խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանն է լքելու ՀԱՊԿ-ը, այլ նրա մեջ, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել Հայաստանը, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, փորձում է օգտագործել Բաքվի փաստարկները և մեզ համոզել, որ սահման չկա»,- ասել է պատերազմից հետո առանց սահմանագծման և սահմանազատման, առանց քաղաքական գնահատականի, ընդամենը Փաշինյանի բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանից Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ-ը Ադրբեջանին հանձնած իշխանության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս