
«ՀԱՊԿ-ը կարող է լքել Հայաստանը, որովհետև չի ճանաչում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը». Արմեն Գրիգորյան. «Ազատություն»

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարումն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև գործընթացների տրամաբանության մեջ։
«Մեծ հաշվով, խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Հայաստանն է լքելու ՀԱՊԿ-ը, այլ խնդիրը նրա մեջ է, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել Հայաստանը, որովհետև ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը, փորձում է օգտագործել Բաքվի փաստարկները և մեզ համոզել, որ այնտեղ սահման չկա, մինչդեռ այնտեղ կա սահման: Ալմա Աթայի հռչակագիրը երբեմն փորձում են մեր դեմ օգտագործել, նույնիսկ՝ մեր գործընկերները, բայց կարող են Ալմա Աթայի հռչակագրով ասել, որ հայտարարվել է՝ ադմինիստրատիվ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչում են՝ որպես միջպետական սահման, մենք ճանաչում ենք այդ միջպետական սահմանը, Ալմա Աթայի նշումը Պրահայում մեզ հնարավորություն է տալիս ճանաչելու այդ սահմանը, և մենք գալիս ենք պաշտպանելու այդ սահմանը: Մինչդեռ, դա չեն օգտագործում, օգտագործում են Բաքվի արգումենտները և փորձում են մեզ այլ բաներում մեղադրել: Քաղաքական ցանկության հարց է՝ մեզ օգնելու կամ չօգնելու: Եթե ցանկություն լինի օգնելու, բոլոր միջոցները կօգտագործեն և հիմնավորում կգտնեն, թե ինչպես օգնեն: Երբ ցանկություն չկա մեզ օգնելու, օգտագործում են բոլոր հնարավոր և անհնար արգումենտները՝ մեզ չօգնելու համար»:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ԵՄ առաքելության ժամանման միակ պատճառը Հայաստանի Հանրապետության փորձն է. «2021 և 2022թթ. Ադրբեջանը երեք անգամ լայնածավալ հարձակվել է Հայաստանի վրա: Ի դեպ, դրանից առաջ՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, հիշում եք՝ երբ Հայաստանն օգնության էր դիմում, ասում էին, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չէ, ՀՀ տարածքը չէ, դրա համար չենք օգնում: 2021-22թթ. մենք դիմել ենք, որպեսզի օգնեն՝ ՀՀ հենց սուվերեն տարածքը պաշտպանելու, և ստացել ենք զրո աջակցություն, բառիս բուն իմաստով՝ զրո աջակցություն, նույնիսկ որոշ բաներում Ադրբեջանի նարատիվների օգտագործում, որը ոչ միայն աջակցություն չէ, այլև հակառակորդին աջակցություն է: Միակ պատճառը, որ մենք հրավիրել ենք ԵՄ դիտորդներին, որ մեր հանդեպ պարտավորությունը չի կատարվել: Բնականաբար, Հայաստանը պետք է փնտրի հավելյալ երաշխիքներ իր անվտանգության համար: Հայաստանը փնտրել և գտել է այդ հավելյալ երաշխիքները, և միակ պատճառը դա է: Եթե պատասխանատվությունը մեր հանդեպ կատարվեր, որևէ մեկը չէր գա այս տարածաշրջան: Միակ պատճառը, որ ԵՄ-ին մենք հրավիրել ենք, այն է, որ Հայաստանը չի ստացել այն երաշխիքները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ունեցել: Ի դեպ, շատ կարևոր բան՝ ԵՄ-ն պայմանագրային պարտավորվածություն չուներ Հայաստանի նկատմամբ, բայց նա բարի կամք է դրսևորել և Հայաստանին օգնության ձեռք է մեկնել: Այլ երկրներ ունեցել են պայմանագրային պարտավորություն, բայց հազար ու մի հիմնավորում են գտել մեզ չօգնելու համար»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում