Ադրբեջանի կազմում Արցախին  լավագույն դեպքում սպասվում է Նախիջևանի ճակատագիրը՝ հայկական բնակչության դուրսմղում, ծանրագույն դեպքում՝ ջարդեր, ցեղասպանություն. Հայկ Խալաթյան

«Արևմուտքի նպատակն է՝ փակել Ղարաբաղյան հարցը, իսկ այդ պլանը ենթադրում է  Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմ»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը, անդրադառնալով վերջին օրերին Արցախի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներին:

Ըստ Հայկ Խալաթյանի՝ ակնհայտ է՝ մեր տարածաշրջանը, ինչպես հետսովետական մի շարք այլ տարածաշրջաններ, վերածվել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարի թատերաբեմի, որտեղ  Արևմուտքի նպատակն է՝ դուրս մղել Ռուսաստանին ռեգիոնից:

Ուստի, ըստ նրա, կարգավորման այն պլանը, որն առաջ են մղում ԱՄՆ-ը ու ԵՄ-ն, իսկ նրանք միասին են գործում այս հարցում, այլընտրանք է Ռուսաստանին, իսկ Երևանն ու Բաքուն շարժվում են կարգավորման արևմտյան պլանով:

«Նպատակն է՝ փակել Ղարաբաղյան հարցը, դատելով ամեն ինչից, և մենք արդեն տեսնում ենք, որ այդ պլանը ենթադրում է  Արցախի ինտեգրացիա Ադրբեջանի կազմ, որպեսզի հարցը փակվի, թույլ չտրվի Ռուսաստանին առիթ ունենալ սեփական ռազմական ներկայության համար, իսկ հեռանկարում՝ նաև դուրս բերել ռուսական բազան Հայաստանից: Ուստի Արևմուտքի կողմից Ադրբեջանի գործողություններին այս տարօրինակ արձագանքը հասկանալի է, փաստացի Ալիևը խաղում է նրանց կանոններով և փորձում է անել ամեն ինչ, որպեսզի այդ պլանը կյանքի կոչվի, այսպես կոչված, Արցախի՝ Ադրբեջանի կազմ, այսպես կոչված, վերաինտեգրացիայի ձևով: Հասկանալի է, որ երբ Ալիևը սպառնում է, որ ամեն ինչ անելու է դրա համար, Արևմուտքը չունի դրա համար ինչ-որ հատուկ առարկություններ: Ի դեպ, եթե այլ հարցերում պատահում էին սիմվոլիկ ինչ-որ հայտարարություններ, իսկ իրականության մեջ իրական քայլեր չկան հակազդման, ապա ներկայումս մենք նույնիսկ տեսնում ենք, որ նման սիմվոլիկ հայտարարություններ նույնիսկ չկան»,- մեկնաբանեց Խալաթյանը:

Խոսելով նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցի մասին՝ Հայկ Խալաթյանն ասաց, որ բավականին հետաքրքիր հարցազրույց էր այն իմաստով, որ նա լիովին հասկանում էր Ադրբեջանի մտահոգությունները:

Ըստ նրա, ամենահետաքրքիր հատվածը, որի նկատմամբ քիչ ուշադրություն եղավ հայկական մամուլում, այն էր, որ Հայաստանում մշտապես  միտք են շրջանառել, որ Ռուսաստանն է ցանկանում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք, այդ պատճառով աջակցում է Ադրբեջանին, իսկ Կլաարն ասում է, որ չնայած Զանգեզուրի և Լաչինի միջանցքները տարբեր հարցեր են, բայց դա կարելի է քննարկել:

«Այսինքն՝ չի բացառում և բնականոն է համարում, որ Ադրբեջանը միավորի այս հարցերը: Բայց որևէ արձագանք նույն այն մարդկանց կողմից, որոնք շատ ցավագին էին ընդունում միջանցքի թեման, չեղավ, իսկ ես կարծում եմ, որ այդ թեման մեծապես շրջանառվում էր ՀՀ իշխանությունների կողմից, իրականում նման բան չկար, դա արվում էր արդարացնելու համար իրենց քայլերը, որոնք հանգեցրել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման: Իսկ նույն ռուսական կողմը սկսած 2021 թվականից  կրկնել է, որ կա կողմերի ինքնիշխանությունը կոմունիկացիաների նկատմամբ, բայց ինչ-որ մարդկանց ձեռնտու էր այլ կերպ շրջանառել այս ամենը»,- ասաց վերլուծաբանը:

Հայկ Խալաթյանը չի բացառում, որ օրերս Արցախում տեղի ունեցած միջադեպի պատճառը վերջերս Բաքվում Լավրովի կողմից Լաչինի միջանցքում անցակետի մերժումն էր:

Ըստ նրա, ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում, չստանալով այն, ինչ ցանկանում էին, որոշեցին գնալ էսկալացիայի, հստակորեն գիտակցելով, որ Ռուսաստանը չունի ցանկություն ու ռեսուրս երկրորդ ճակատի կամ ռեգիոնում լարման համար, փաստացիորեն ընթանում է շանտաժ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի նկատմամբ:

«Ինչ վերաբերում է Կլաարի այն հայտարարությանը, թե անցակետում կարող են լինել ստուգման հավելյալ միջոցներ, ապա կրկին՝ Արևմուտքի նպատակն այնտեղից Ռուսաստանից դուրս մղելն է, ու եթե դրա համար հարկավոր է, որպեսզի Ադրբեջանն  այնտեղ ունենա անցակետ, ապա խնդիր չկա, Արևմուտքի համար խնդիր չկա, անհրաժեշտ կլինի զոհաբերել 120 հազար հայ, նրանք դա կանեն»,- ասաց հայկ Խալաթյանը:

Մեկնաբանելով ԱՄՆ նորանշանակ համանախագահ Լուիս Բոնոյի հարցազրույցի այն հատվածը, որում նա նշել էր, թե  կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը, և իրենք  հանձնառու են դա ավարտին հասցնել՝ Հայկ Խալաթյանն ասաց, որ ռուսական և արևմտյան պլանների միջև գլխավոր տարբերությունն այն էր, որ ռուսական պլանում նախատեսվում էր Արցախի կարգավիճակի հարցը թողնել ապագային:

«Հասկանալի է, որ ներկայումս դա ավելի ձեռնտու էր հայկական կողմին, բայց ՀՀ իշխանությունները մի կողմից՝ հայտարարում են, թե իբրև թե կողմ են այս տարբերակին, բայց Պրահայում, Վաշինգտոնում և այլ վայրերում փաստացիորեն ընդունել են արևմտյան պլանը, որը տվել է Ադրբեջանին բոլոր հիմքերը ռուսական պլանից հրաժարվելու համար: Իսկ Բոնոյի հայտարարությունը նշանակում է, որ Արևմուտքը նպատակ է դրել լիովին փակել այդ հարցը, դա նրանց թույլ կտա վերացնել Ռուսաստանի ազդեցության լծակները Հայաստանի ու  գլխավորը՝ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ պետք է հասկանալ, որ ամեն դեպքում Ղարաբաղի կարգավիճակի հարցը ՌԴ  վերջին, ամենալուրջ լծակն է Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, տնտեսական առումով ողջ գազն ու նավթը գնում են Եվրոպա Վրաստանով, Թուրքիայով, ուստի Ռուսաստանի ազդեցության հնարավորությունները Ադրբեջանի նկատմամբ շատ սահմանափակ են, և Արևմուտքի նպատակն է՝ վերջնականապես փակել հարցը: Եթե հայկական կողմը պատրաստ է գնալ լուրջ միակողմանի զիջումների, ապա՝ ավելի լավ, իրենք այս հարցը պատրաստ են այսպես լուծել: Ես չեմ մեղադրում, որ Արևմուտքը հակահայկական է, ադրբեջանամետ է, ոչ, նրանք ունեն իրենց աշխարհաքաղաքական պայքարը, այդ պայքարի շրջանակում նրանք իրենց խնդիրներն են իրականացնում»,- պարզորոշ  բացատրեց բանակցություններում վերջին ամիսներին տեղի ունեցածը վերլուծաբանը:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանի կազմում Արցախի  ցանկացած կարգավիճակ և Ադրբեջանի հնարավորությունը՝ վերահսկել Արցախի կյանքը, լավագույն դեպքում հանգեցնելու է նրան, որ լավագույն դեպքում Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը՝ հայկական բնակչության դուրսմղում, ծանրագույն դեպքում՝ ջարդեր, ցեղասպանություն:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Ռուսաստանը չափազանց շատ խնդիրներ ունի Ուկրաինայում, նա, իհարկե, փորձում է պահպանել իր ազդեցությունը, բայց ինչպես ասաց Լավրովը Բաքվում՝ Մոսկվայում նախարարական հանդիպման հնարավորության վերաբերյալ, առաջարկել են, բայց չեն պնդելու: Իսկ Ռուսաստանում արդեն կան խոսակցություններ, թե իրենց արդյո՞ք հարկավոր է գլխացավանք՝ ի դեմս Հայաստանի, Արցախի և մնացածի, եթե  իրենք՝ հայերը, այլ բան են ցանկանում, թող անեն այն, ինչ ցանկանում են, իրենց դա լավ է, քանի որ, կոպիտ ասած, այդ նույն զորքերն իրենց կարող են հարկավոր լինել նույն Ուկրաինայում, իսկ բիզնեսն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ամեն դեպքում ավելի ձեռնտու է, քան Հայաստանի հետ: Եթե իրենք՝ հայերն են համարում, որ Ռուսաստանը վատն է, թշնամի է, թող ով թշնամի չի դիտարկվում, նրանց հետ կառուցեն հարաբերությունները: Այս վտանգը ևս կա: Մյուս կողմից՝ կան այնպիսիք, որ համարում են՝ Ռուսաստանը պետք է պայքարի Հարավային Կովկասում ազդեցության համար, նրանք համարում են, որ Ռուսաստանը պետք է պայքարի իր շահերի համար Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում»,- ասաց Խալաթյանը:

Նա նշեց, որ եթե նույնիսկ լինեն էթնիկ զտումներ, Արևմուտքը Լաչինի միջանցքի, սեպտեմբերյան ագրեսիայի օրինակով կսահմանափակվի դեկլարատիվ բնույթի հայտարարություններով, իսկ իրականում որևէ լուրջ հետևանք դա Ադրբեջանի համար չի ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս