Անկարան մարտահրավեր է նետում Վաշինգտոնին ու Բաղդադին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մարտահրավեր է նետում Վաշինգտոնին ու Բաղդադին՝ էներգետիկ գործընկերություն հաստատելով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության հետ: Խոսքը գնում է Հյուսիսային Իրաքից Թուրքիա նավթի ու գազի ներկրման մասին:

Մասնավորապես, նշվում է, որ ոչ վաղ անցյալում Թուրքիան և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը պայմանավորվել են տարեկան առնվազն 10 միլիարդ խորանարդ մետր գազի ներկրման շուրջ, ինչը պետք է իրականացվի այդ նպատակով կառուցված գազատարով:

Թուրք պաշտոնյաները հրաժարվել են բարձրաձայնել այս մասին, քանի որ այս նախագիծը սպառնում է սրել Բաղդադի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև էներգետիկ տարաձայնությունները: Թուրքիա գնացող նավթամուղը գտնվում է Բաղդադի վերահսկողության տակ: Թեև այն ունակ է տարեկան փոխադրել 70.9 միլիոն տոննա նավթ՝ այն աշխատում է իր հնարավորություններից զգալի ցածր բեռնվածությամբ:

Վերլուծաբաններն ընդգծում են, որ Թուրքիայի այդ քայլն էլ ավելի է ամրապնդում տարածաշրջանային էներգետիկ հանգույցի Թուրքիայի դերը, սակայն միևնույն ժամանակ դա կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Սկզբնական շրջանում Թուրքիան վախենում էր շփվել Իրաքի քրդերի հետ, սակայն 2010 և 2011 թվականներին Թուրքիայում գրանցվեց ավելի քան 8 տոկոսանոց տնտեսական աճ, ինչը մեծացրեց Թուրքիայի էներգետիկ սպառումը:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը թույլ չտվեց, որ Թաներ Յըլդըզի ինքնաթիռը հասնի Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ: Յըլդըզը պլանավորել էր Էրբիլում նավթագազային համաձայնագիր կնքել քրդական կողմի հետ: Սակայն ԱՄՆ-ն արգելք հանդիսացավ դրան, քանի որ վախենում է, որ Թուրքիայի այդ քայլերը կհանգեցնեն Իրաքի մասնատմանը: ԱՄՆ-ի այդ քայլից հետո թուրքական մամուլը գրեց. «Արդյոք ԱՄՆ-ն դաշնակի՞ց է»:

Ի դեպ, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության բանական պաշարների նախարար Աշթի Հավրամին օրեր առաջ հայտարարել է, որ իրենք ակնկալում են շուտով վերսկսել արտահանումը. «Արտահանման օրական ծավալը կազմելու է մոտ 20.000 բարել նավթ և 10.000-15.000 կոնդենսատ: Քրդստանի՝ հում նավթի ընթացիկ արտադրական հզորությունը կազմում է օրական 350.000-400.000 բարել»:

Տեսանյութեր

Լրահոս