Եղանակների տաքացմանը զուգահեռ՝ մեծ հավանականությամբ թշնամին տարբեր ուղղություններով փորձելու է սադրանքների գնալ. Վիտալի Մանգասարյան

Ադրբեջանը նորից սկսել է հրադադարը խախտել Արցախի ուղղությամբ: Մասնավորապես, փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Իր հերթին՝ Ադրբեջանն արցախյան կողմին մեղադրել է Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՀՀ զինված ուժերին՝ Տավուշի և նախիջևանյան թևում հրադադարի խախտումների համար: Եվ՛ ՀՀ ՊՆ-ն, և՛ Արցախի ՊԲ-ն հայտարարել են, որ Ադրբեջանի հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ի՞նչ սպասել ադրբեջանական տեղեկատվական և ոչ տեղեկատվական ակտիվացումից արցախյան և հայաստանյան թևում:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը նշեց, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության վերջին օրերի հաղորդագրություններից հստակ երևում է՝ թշնամին հետագա սադրանքների համար պարարտ հող է նախապատրաստում:

Կարդացեք նաև

«Եթե նախկինում մենք ավելի հաճախ լսում էինք Վարդենիսի ուղղությամբ տարբեր միջադեպերի և հրադադարի խախտումների հետ կապված տեղեկություններ, ապա այսօր, ըստ նրանց տարածած հաղորդագրության, հայկական կողմը իբր խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի և Երասխի ուղղություններում: Եթե սրան գումարենք ՊԲ հաղորդագրությունը Ադրբեջանի հրադադարի խախտումների մասին, ապա հստակ կարող ենք ասել՝ թշնամին հերթական սադրանքների համար տեղեկատվական պարարտ հող է պատրաստում: Սա նրանց ձեռագիրն է, տարիներ շարունակ հենց այդպես են գործել, ուստի հնարավոր բոլոր սադրանքներին պիտի պատրաստ լինել:

Հիշեցնեմ, որ 10 օր առաջ ադրբեջանական լրատվական դաշտում հայտնվել էր տեղեկություն, որի համաձայն՝ իբր իրանական կողմի ակտիվ աջակցությամբ ՀՀ-ում դիվերսիոն խմբեր են նախապատրաստվում, կազմավորվում, որոնք պետք է գործեն Ադրբեջանի թիկունքում և որոշակի խնդիրներ լուծեն:

Համադրելով այս ամենը՝ կարող ենք ասել, որ եղանակների տաքացման, եղանակային բարենպաստ պայմաններին զուգահեռ՝ մեծ հավանականությամբ թշնամին տարբեր ուղղություններով փորձելու է սադրանքների գնալ և որոշակի խնդիրներ լուծել, գործադրել ճնշումներ»,- ասաց ռազմական վերլուծաբանը՝ հավելելով, որ մյունխենյան հայտնի հանդիպումից հետո դիվանագիտական ակնհայտ ճնշումներ են գործադրվում հայկական կողմի վրա, բայց թշնամին փորձելու է նաև ճնշումների գնալ սահմանային տարբեր հատվածներում, որպեսզի դիվանագիտական դաշտում ավելի ամրապնդի իր դիրքերը:

«Մենք պետք է հասկանանք, որ թշնամին չի փոխվել, նույնն է: Եվ որքան էլ տարբեր հարթակներում խոստումներ տա այս կամ այն հարցերի վերաբերյալ, պետք է հստակ հասկանալ՝ շարունակելու են նույն սադրիչ գործողությունները, հայատյաց քաղաքականությունը, ինչ մինչ օրս որդեգրել են: Իշխանությունները, հասարակությունը պետք է փորձեն հասկանալ սա և իրավիճակն ադեկվատ գնահատել՝ պատրաստ լինելով բոլոր հնարավոր զարգացումներին»,- շեշտեց Մանգասարյանը:

Հավելենք, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։

Վիտալի Մանգասարյանը հիշեցրեց Ադրբեջանի մոտեցումն այս հարցի հետ կապված, որը բավականին կոշտ է, ուստի չի բացառվում, որ ԵՄ առաքելության ներկայությունը մղի ռադիկալ գործողությունների: Այսինքն, բոլոր սցենարները պետք է հաշվի առնել և պատրաստ լինել հակառակորդի ցանկացած գործողության:

Տեսանյութեր

Լրահոս