Ո՞րն է Բաքվի պլանը Լեռնային Ղարաբաղում՝ Փաշինյանի ունեցած տեղեկություններով
Այսօր կառավարության հերթական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում նախադպրոցական հաստատությունների շուրջ 6 հազար սան, հանրակրթական դպրոցների շուրջ 19 հազար աշակերտներ և բուհերի շուրջ 6800 ուսանողներ արդեն մեկ ամիս զրկված են 21-րդ դարի ամենակենսական՝ կրթության իրավունքից: Արդեն մեկ ամիս է, Լեռնային Ղարաբաղի մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակ են և չեն աշխատում։
«Վերջին անգամ նման բան եղել էր 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այն իրավիճակում, երբ հրանոթները չեն կրակում, կրթական հասատատությունները փակվել էին միայն կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս անգամ, սակայն, կորոնավիրուսը չէ կրթական հաստատությունների չաշխատելու պատճառը, այլ ադրբեջանական «բնապահպանական» մտահոգությունները։ Չբավարարվելով Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը փակում է նաև Լեռնային Ղարաբաղը սնուցող գազի խողովակը, հետո բացում 10 տոկոսով, հետո նորից փակում, հետո բացում, ասենք, 25 տոկոսով, և այսպես շարունակ։ Ադրբեջանը շարունակաբար կիրառում է նաև գազային ճնշման գործիքը, ինչն ակնհայտորեն դատապարտելի է։ Մանկապարտեզների չաշխատելու հաջորդ պատճառը երեխաների համար սահմանված սննդի բացակայությունն է, սա էլ իր հերթին՝ կապվում է Լաչինի միջանցքի փակման հետ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը սահմանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի անխափան աշխատանքի համար գրավոր երաշխիքներ են տվել Ադրբեջանն ու Ռուսաստանը, փակ է արդեն 46 օր։
«Ինչպես արդեն նշեցի՝ 46 օր է, Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։ Լեռնային Ղարաբաղում էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև Լեռնային Ղարաբաղը հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, և բնակչությանը էլեկտրական հոսանք է մատակարարվում միայն տեղի էլեկտրակայանների արտադրական հզորությունների հաշվին, ինչը բավարար չէ։ Բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով։ Ինչպես նախկինում ասել եմ՝ այսպիսով Ադրբեջանը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու՝ Լեռնային Ղարաբաղի հայության կամքը։ Ընդ որում, մեր տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել, հետո բացել, և այնքան, մինչև վերջին հայը կլքի ԼՂ-ը: Սա, իհարկե, էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում