Ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության նոր քննիչը
Արդեն 32 օր շարունակում է փակ մնալ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ կյանքի ճանապարհը:
Արդեն 32 օր Արցախը զրկված է կենսապահովման համար անհրաժեշտ տարրական մթերքների, դեղորայքի, վառելիքի, մանկական կերի մատակարարումներից:
Արդեն 32 օր արցախցիներն անմռունչ դիմանում են ընտանիքների կիսատվածությանն ադրբեջանցի էկո-ահաբեկիչների կամքով:
Արդեն 32 օր միջազգային հանրությունը գրեթե չի արձագանքում այս իրավիճակին: Չի արձագանքում նաև ՀՀ իշխանությունը, այսինքն՝ արձագանքում է՝ հստակ ասելով, որ դա ռուսների ու ադրբեջանցիների մեղքն է ու արցախցիների խնդիրը. Ինչ ուզում են, ոնց ուզում են, թող անեն:
Կարճ ասած՝ ձեռքերը լվացել են Արցախից ու զբաղված են իրենց հուզող խնդիրներով՝ պաշտոնակռվով, տենդերների շահումով, ինչպես նաև յուրայիններին այս ու այնտեղ խցկելով:
Հերթական աղաղակող տեղեկությունը 168.am-ը ստացավ Հակակոռուպցիոն կոմիտեին մոտ կանգնած իր աղբյուրներից:
Պարզվում է՝ դեռևս Ամանորից առաջ Հակակառուպցիոն կոմիտեի Ներքին անվտանգության վարչությունում որպես քննիչ աշխատանքի է ընդունվել Նիկոլ Փաշինյանի հերթական համաքաղաքացին, որոշ տվյալներով՝ նրա դասընկերը՝ Ադամյան ազգանունով:
Այս անձնավորությունը, ըստ մեզ հասած տեղեկությունների, իջևանցի հանրային պաշտպան է եղել մինչև իր կարիերայի անհավանական թռիչքը:
«Առանձնապես պահանջված մասնագետ չի էլ եղել. Իջևանում բոլորը գիտեն՝ ով է նա, ինչ հակումներ ու նախընտրություններ ունի»,- ասաց մեր աղբյուրը:
Իրավապահ համակարգերի աշխատանքին քիչ թե շատ ծանոթ մարդիկ լավ գիտեն՝ ինչ ասել է Ներքին անվտանգության վարչություն:
Այդ վարչությունում են քննվում տվյալ կառույցի ներսում կատարվող իրավախախտումները, այդ վարչությունն է պատժում աշխատակիցներին, այդ վարչությունն է պատասխանատու իրավապահ կառույցի ներքին խժդժությունների, միջանձնային հարաբերության սահմանազանցումների կանխման, օրինականության ու օրինապահության համար:
Եվ այս վարչությունում է որպես քննիչ աշխատանքի անցել Նիկոլ Փաշինյանի համաքաղաքացին կամ դասընկերը, արդեն նախկին հանրային պաշտպան Ադամյանը:
Ավելին, մեր տեղեկություններով՝ նա արդեն սկսել է իր կարգերը հաստատել վարչությունում՝ շահարկելով Նիկոլ Փաշինյանի հետ իր մտերմության փաստը:
168.am-ը կհետևի քննիչ Ադամյանի աշխատանքին, կփորձենք հասկանալ՝ ինչու է վերջինս ներդրվել Հակակոռուպցիոն կոմիտեում, և ինչ ականներ են շարվում Սասուն Խաչատրյանի ոտքերի տակ: