Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը լեգիտիմացրել Լաչինի միջանցքի փակվելն Ադրբեջանի իշխանությունների կողմից. Ռոբերտ Մարգարյան

Արդեն 11 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը։ Արցախում 120 հազար հայ զրկված է արտաքին աշխարհի հետ կապից, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Իրավիճակը, ըստ իշխանությունների՝ այլևս ճգնաժամային է։

Երեկ պարզ դարձավ, որ Եվրոպական դատարանն ուսումնասիրել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու՝ Հայաստանի կառավարության ներկայացրած պահանջը:

Նշելով, որ այս պահին վիճելի է «Լաչինի միջանցքի» նկատմամբ Ադրբեջանի կողմից վերահսկողության առկայության հարցը, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, «երաշխավորելու Լաչինի միջանցքով երկկողմ ուղղությամբ տեղաշարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը», և հիշեցնելով Եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները՝ Եվրոպական դատարանը որոշել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարծում է, որ Միջազգային դատարանը փաստացի բավարարել է Հայաստանի խնդրանքը:

«Եթե իրավիճակը չհագուցալուծվի, մենք շարունակելու ենք ներկայացնել լրացուցիչ փաստարկներ, ապացույցներ, որպեսզի հետագա ընթացքը կարողանանք ապահովել»,- այսօր ասուլիսում նշել էր Կիրակոսյանը:

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարկարյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց, սակայն, որ թյուր է պատկերացումը, թե ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի պահանջը.

«Չի բավարարել, այդ պահանջի որոշ բաժիններն է բավարարել, և, ի դեպ, այնպես է բավարարել, որ սրանից հետո Ադրբեջանը որևէ քայլ անելու կարիք էլ չունի, քանի որ այն, ինչ պահանջվել է Ադրբեջանից, արդեն իսկ, ինչ-որ առումով կատարվել է:

Դատավորը պահանջել է երաշխավորել ծանր հիվանդություններով տառապող անձանց ապահով տեղաշարժը Լաչինի միջանցքով բժշկական խնամք ստանալու համար, նաև՝ եթե ճանապարհին կան առանց կապաստանի և ապրուստի պայմանների մարդիկ, նրանց հնարավորություն տալ, որպեսզի անցնեն:

Եթե հիշեք՝ դեկտեմբերի 19-ին էր, երբ Ստեփանակերտից ծանր հիվանդությամբ տառապող մեկ անձ փոխադրվել է Երևան, գազի մատակարարումն արդեն վերականգնված է: Եվ որքանով տեղյակ եմ՝ այս պահին ճանապարհին առանց ապաստան մնացած որևէ ուղևոր չկա: Այսինքն՝ խոսքը չի վերաբերում Ստեփանակերտում և Երևանում իրենց ընտանիքներից հեռու մնացած մարդկանց մասին»:

Ռոբերտ Մարգարյանը նաև խոսեց այս որոշման թաքնված վտանգների մասին՝ նկատելով՝ ՄԻԵԴ-ն անտեսել է Լաչինի միջանցքի լիարժեք ապաշրջափակման, Արցախի բոլոր քաղաքացիների համար դեպի Հայաստան ազատ երթևեկի հնարավորության մասին Հայաստանի պահանջը. Այդ բաժինը ՄԻԵԴ-ի որոշման մեջ չկա:

«ՄԻԵԴ-ը միայն հումանիտար մոտեցում է ցուցաբերել: Եվ քանի որ ՄԻԵԴ-ն այդ որոշումը կայացրել է Ադրբեջանի կողմից ներկայացված փաստարկների հիման վրա, հարց է ծագում՝ ի՞նչ փաստարկներ է Ադրբեջանը ներկայացրել, որոնց հիման վրա ՄԻԵԴ-ը հարմար չի գտել, որպեսզի բացվի Լաչինի միջանցքն ամբողջությամբ Արցախի քաղաքացիների համար: Այլ խոսքով՝ ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը լեգիտիմացրել Լաչինի միջանցքի փակվելը Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ի՞նչ փաստարկներ են ներկայացվել Ադրբեջանի իշխանությունների կողմից ՄԻԵԴ-ին, արդյո՞ք փաստաթղթեր են ներկայացվել այն առնչությամբ, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, կամ ինչ-որ կուլիսային համաձայնությունների մասին է խոսք գնացել»,- պարզաբանեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս