«Բնապահպանները» փորձում են Արցախին զրկել նաև տնտեսական լծակներից, տիրանալ բնական ռեսուրսներին

Այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Լաչինի միջանցքում, սկսվեց կեղծ բնապահպանական խնդիրներով։ Բայց իրականում Արցախի համար կենսական նշանակություն ունեցող այդ ճանապարհի փակումը տարբեր նպատակներ է հետապնդում, որոնցից մեկն էլ Արցախին տնտեսական լծակներից ու բնակչությանը գոյատևման տարրական հնարավորություններից զրկելն է։ Ուզում են տիրանալ այն քիչ բնական ռեսուրսներին, որոնք Արցախի տնօրինման տակ են մնացել ղարաբաղյան պատերազմից հետո։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դեկտեմբերի 3-ին մի խումբ «բնապահպաններ» փակեցին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ պատճառաբանելով, որ Արցախում ապօրինի շահագործում են բնական ռեսուրսները՝ բնապահպանական ռիսկերով։

Խոսքը վերաբերում էր Դրմբոնի և Կաշենի հանքավայրերին, որոնց վրա վաղուց աչք ունի Ադրբեջանում գործող բրիտանական ընկերությունը։ Չնայած հանքավայրերն Արցախի տարածքում են, Ադրբեջանի նախագահի հրամանով արդեն Կաշենի հանքավայրի շահագործման իրավունքը հանձնվել է բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը։ Ավելին, խոստացել են ապահովել հանքավայր ազատ մուտք գործելու հնարավորություն և այժմ փորձում են կատարել նաև այդ խոստումը։

«Բնապահպանական» քողի տակ սկսված այս հատուկ պլանավորված օպերացիան առաջին փուլում ավարտվեց քաղաքացիական հագուստով մի քանի տասնյակ ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը 3 ժամ արգելափակելով։ Այս միջադեպից հետո Արցախի իշխանությունները պատրաստակամություն հայտնեցին ընդունել միջազգային ցանկացած մոնիտորինգային խմբի, որը կուսումնասիրի նշված հանքավայրերի բնապահպանական ռիսկերը։

Բայց, իհարկե, ադրբեջանցի «բնապահպանների» նպատակը դա չէր։ Նրանք հանդիպում պահանջեցին ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ, իսկ հանդիպումից հետո հայտարարեցին, թե պատրաստվում են հետաքննություն իրականացնել Արցախում բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հետ կապված։

«Դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքների համաձայն՝ դեկտեմբերի 10-ից Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության, Բնապահպանության և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող Պետական գույքի ծառայության աշխատակիցները և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն սկսում են նախնական մոնիտորինգ՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերն Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբ»,- հայտարարեցին Ադրբեջանի էկոնոմիկայի ու բնական պաշարների նախարարությունները։

Ըստ այդ հայտարարության՝ մոնիտորինգի ընթացքում պիտի ստուգվեն Դրմբոնի չշահագործվող և Կաշենի գործող հանքավայրերը, գնահատվեն շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր ազդեցությունները։

Արդեն դեկտեմբերի 10-ին ադրբեջանցի «բնապահպաններն» իրենց մտադրություններն իրականացնելու համար փորձեցին մտնել Կաշենի հանքավայր։ Սակայն հանդիպեցին հանքավայրի անվտանգության աշխատողների և բնակիչների դիմադրությանը։

Ադրբեջանցիներն այդպես էլ չկարողացան մտնել հանքավայրի տարածք՝ իրենց կեղծ «բնապահպանական» առաքելությունն իրականացնելու համար։ Բայց դա առիթ էր, որպեսզի կրկին արգելափակեին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, այն էլ՝ երկար ժամանակով։

Թեև այնպես չէ, որ եթե մտնեին ու «մոնիտորինգի» ենթարկեին, ճանապարհը չէին փակելու։ Այդ ժամանակ էլ այլ պատճառաբանությամբ դա կանեին։

Դեկտեմբերին 12-ին Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը արգելափակելով՝ այս անգամ արդեն ադրբեջանցիները բացեիբաց ի ցույց դրեցին իրենց իրական նպատակներները։ Դրա արտահայտություններից մեկն էլ դարձավ Արցախի գազամատակարարման անջատումը, որով փորձում են ձմռան այս շրջանում լրացուցիչ հոգեբանական ճնշում գործադրել բնակչության նկատմամբ։

Այն, ինչ Ադրբեջանն անում է բնապահպանական քողի տակ, իրականում Արցախը տնտեսական հնարավորություններից զրկելու և հայաթափելու հերթական քայլն է։ Մտադիր են Արցախի բնական ռեսուրսներն ինտեգրել Ադրբեջանի տնտեսությանը։ Մինչդեռ, դրանք Արցախի հայ բնակչության կենսագոյությունն ապահովելու այն քիչ հնարավորություններից են, որոնք կան։

Հիշեցնենք, որ Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրն Արցախի ամեախոշոր հարկատուն է, և այստեղից են գոյանում բյուջեի եկամուտների մի զգալի մասը։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում այդ եկամուտներից զրկվելը։

Այն, ինչ ուզում են անել, շատ լավ մշակված ծրագիր է, որի իրականացմանը լծվել է Ադրբեջանի ամբողջ պետական ապարատը։ Արցախում շահագործվող հանքավայրերի հարցը վերջերս Ադրբեջանը բարձրացրեց նաև Մոսկվայում, այդ երկրի գլխավոր դատախազի կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազների հետ հանդիպման ժամանակ։ Հայտարարվեց, թե «անընդունելի է ղարաբաղյան տարածաշրջանում բնական պաշարների ապօրինի շահագործումը»։

Օրերս էլ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հարցն օրակարգ բերեց Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով օգնականը, հայտարարելով, որ պետք է դադարեցվի Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի «անօրինական շահագործումը»։

«Հայաստանն ադրբեջանական տարածքների օկուպացիայի տարիներին անօրինական օգտագործել է մեր ռեսուրսները և հարված է հասցրել շրջակա միջավայրին: Այժմ մենք ականատես ենք լինում նմանատիպ գործողությունների ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում»,- դիվանագիտական կորպուսի հետ հանդիպմանը հայտարարեց Հիքմեթ Հաջիևը։

Հնչող այս ու նմանատիպ այլ հայտարարություններն անշուշտ նպատակ ունեն արդարացնելու այն քայլերը, որոնք Ադրբեջանի իշխանությունները վերջին օրերին «բնապահպանական» խնդիրների անվան տակ իրականացնում են Արցախը Հայաստանին կապող կենսական նշանակության ճանապարհին։ Սա լավ մշակված ու շատ վտանգավոր ծրագիր է, որը հաջողելու դեպքում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Արցախի հայության համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս