ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին մնացած քաղաքացիների մասին
Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` դեկտեմբերի 12-ին, մի խումբ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ:
Ի դեպ, տելեգրամյան իրենց ալիքներում արդեն հայտնում են, թե ակցիային միացել են նաև զինվորականներ:
Ադրբեջանցիների հերթական սադրանքի հետևանքով արցախցի մեր մի շարք հայրենակիցներ չեն կարողանում հասնել իրենց տուն:
«Երկու օր առաջ եկա Երևան, հիմա մնացել եմ ճանապարհին, չգիտեմ, թե ինչ անեմ»,- մեզ հետ զրույցում ասաց արցախցի Մանեն:
«Սնունդ ենք տանում Արցախ, դեղորայք, բայց մնացել ենք ճանապարհին»,- նշեց մեր մեկ այլ զրուցակից:
168.am-ին խնդրի առնչությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ քաղաքացիների տեղավորման գործընթացն ապահովվում է մարզային մակարդակում:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է, որ Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։