Դեսպանատների ֆինանսավորումն ավելացնելու խոստումից հետո տեղի է ունեցել հակառակ գործընթացը. ֆինանսավորումը կրճատվել է
Հայաստանի Կառավարությունը կրճատել է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար 2022 թվականի բյուջեով հատկացված գումարները, որպեսզի դրանք ուղղի այլ ծրագրերի։
Ըստ Կառավարության չզեկուցված հարցերից մեկով կայացված որոշման՝ դեսպանությունների և ներկայացուցչությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները կրճատվել են 115.5 միլիոն դրամով։
115.5 միլիոն դրամից 99 միլիոն դրամը կուղղվի դեկտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի կազմակերպմանն ու անցկացմանը։
Դեսպանություններին հատկացված գումարներից կրճատել և 8 միլիոն դրամ են հատկացրել Արտաքին գործերի նախարարությանը՝ նոր գույք՝ վարչական սարքավորումներ, չհրկիզվող պահարաններ գնելու համար։
Եվս 8.5 միլիոն դրամ էլ կուղղվի Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման համար։
Մինչդեռ, հիշեցնենք՝ Փաշինյանն ավելի վաղ հայտարարում էր դեսպանատների ֆինանսավորումն ավելացնելու անհրաժեշտության մասին, նույնիսկ պնդում էր, թե նախկինում դեսպանատներ ենք ունեցել, որ համարյա պետական ֆինանսավորում չեն ստացել, բայց հիմա նույն Փաշինյանի Կառավարությունը կրճատում է բյուջեով դեսպանատներին հատկացված գումարը՝ չզեկուցվող հարցով, և դրանք ուղղում այլ նպատակների համար:
Ուշագրավ է, որ դեսպանատներին հատկացված գումարը Կառավարությունը կրճատում է այն դեպքում, երբ հայտարարվում է, որ 2022 թվականին տնտեսության վիճակն այն աստիճան բումային է, որ հարկային եկամուտները գերակատարվել են 70 միլիարդով, բայց պարզվում է՝ Ցեղասպանությանը նվիրված միջոցառման համար Հայաստանի Կառավարությունը գումար է հայթայթում բյուջեի վերաբաշխումների հաշվին։