«Առաջիկայում կլսեք Հունգարիայում և Հայաստանում դեսպաններ նշանակելու մասին». Արարատ Միրզոյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ Հունգարիայի հետ հարաբերությունների սառեցման պատճառի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել։
«Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին։ Մեր ընկալումները նույնն են, բայց միևնույն ժամանակ այդ իրադարձությունները հիշելով, նաև հիշում ենք անցած տարի Հունգարիայի գործադրած ջանքերը՝ 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ միասին եկան Երևան։
Կարծում եմ՝ չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում. 5 հարյուր հազար դեղաչափ տրամադրեցին, և սա ևս կյանքեր փրկեց։ Կան բազմաթիվ այլ օրինակներ, օրինակ, ֆինանսական աջակցությունը, որը Հունգարիան ցույց է տալիս Հայ Առաքելական եկեղեցուն, սա բավականին շոշափելի է։
Կա դպրոցների մակարդակում համագործակցություն։ Երբ այս բոլորը դնում ենք կշեռքի նժարի վրա, կարծում եմ՝ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի ու ապագայի համար, ինչը և արվել է։ Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից համապատասխանաբար երկու երկրներում դեսպաններ նշանակելու մասին»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում