«Աշխարհաքաղաքական կենտրոնները «մերժել են» Սերժ Սարգսյանին, որ վերանա հայկական ինքնուրույն գործոնը». Շարմազանով

«Մենք հստակ գնահատական պետք է տանք իրավիճակին և պատրանքներով չապրենք»,- Նոր ռազմական գործողությունների ռիսկեր» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ ընթացող զարգացումներին՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը համոզված է՝ մեր խնդիրներից մեկն այն է, որ առ այսօր հասարակության մի հատվածն ունի պատրանքներ, թե Փաշինյանի իշխանությունը դեռ կարող է որևէ բան անել, կամ զարմանում է, որ «նիկոլիստական» ռեժիմն անում է քայլեր, որոնք չեն բխում պետության շահերից:

«Կներեք, բայց 2018 թվականին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին մերժել են մի պատճառով․ այդ աշխարհաքաղաքական կենտրոնները մերժել են «նախկիններին», վարչապետ Սերժ Սարգսյանին, որ վերանա հայկական ինքնուրույն գործոնը, և Նիկոլ Փաշինյանը Կովկասում և տարածաշրջանում հետևողականորեն վերացնում է ինքնուրույն հայկական գործոնը։

«Հայաստանի Հանրապետությունն» այսօր իրականում, դասական իմաստով, չկա, որովհետև այն քաղաքականությունը, որն այսօր վարում է պաշտոնական Երևանը, հակասում է Անկախության հռչակագրին: Երրորդ Հանրապետության միսն ու արյունն Անկախության հռչակագիրն են, Արցախյան շարժումն ու Ցեղասպանության միջազգային ճանաչումը»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ եթե գործող իշխանությունը մերժում է և՛ Արցախյան շարժման նվաճումները, և՛ շարժման բովանդակությունը, և՛ իր «ապագան» առանց Արցախի է պատկերացնում, առանց ազգային ոճիրի դատապարտման, առանց պետության ազգային նկարագրի, հետևաբար՝ չկա Հայաստանի Հանրապետություն:

«Այս իշխանությունը բերվել է, որպեսզի Հայաստանը դառնա գործիք, ոնց ուզեն՝ տշեն. Մոսկվայից՝ Անկարա, Անկարայից՝ Վաշինգտոն, Վաշինգտոնից՝ Բրյուսել, Բրյուսելից՝ Թեհրան, Թեհրանից՝ Նյու Դելի, և այդպես շարունակ։ Երբ առաջին օրվանից, երբ Փաշինյանը եկավ իշխանության, եթե հիշում եք, չթաքցրեց՝ ասաց՝ ես «իզմ»-եր չունեմ։ Սա նշանակում է՝ «ես չունեմ կարմիր գծեր»,- ասաց քաղաքական գործիչը:

Այս համատեքստում նա հիշեցրեց Բոլթոնի հայտնի հայտարարությունը՝ նկատելով, որ «օկուպացիոն ռեժիմի» լավագույն բովանդակություն հենց ամերիկացի նախկին պաշտոնյան է տվել, որը նշել է՝ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից:

Պատերազմի ռիսկերի մասին իր դիտարկումներում նա շեշտեց. «Համոզված եմ՝ որևէ մեկը չի կարծում, որ Թուրքիան ու Ադրբեջանը վերջին 100 տարվա ընթացքում գոնե մեկ օր կամ մեկ ժամ դադարել են մտածել հայկական գործոնի վերացման ուղղությամբ աշխատելու մասին։ Պանթուրքիզմը միշտ էլ եղել է այդ երկու պետությունների հիմնական քաղաքականությունը, գաղափարախոսությունը: եվ այսօր, այս ապազգային ու հակապետական իշխանության պայմաններում ինչո՞ւ պետք է Էրդողանն ու Ալիևն ավելի շատ չուզեն։

Ով տալիս է՝ նրանից ուզում են, ով մի անգամ տալիս է, ասում են՝ հա էլ պիտի տաս, մինչև էլ տալու բան չի մնում։ Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են պանթուրքիստական քաղաքականություն։ Ասում եք՝ պատերազմ. պատերազմի վտանգ չէ, կապիտուլյացիայի և իրական կործանման վտանգ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս