ԱԺ-ն իր դիրքորոշումը պետք է հայտնի, ցույց տալով, որ համաձայն չէ Ադրբեջանի հետ. Անդրանիկ Թևանյան

«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հայտարարության տեքստում հստակ ամրագրված է, որ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորագույն գործոններից է համարվում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը առանց սահմանափակումների: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքների բոլոր նորմերին համապատասխան:

«Հայաստանի Հանրապետությունը մեր երկրի անկախության հռչակագրի և Սահմանադրության ու օրենքների համաձայն սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը: Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, և սա այն կարևորագույն երաշխիքներից է, որի շրջանակներում հնարավորություն կունենանք ապահովել արցախահայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունը: Այստեղ մենք ունենք կոնցեպտուալ հակասություն իշխանության այն մոտեցման հետ, որ կարգավիճակը պետք է բխեցնել անվտանգությունից և իրավունքներից, որովհետև մենք գտնում ենք, որ կարգավիճակի հարցը և ինքնորոշման իրավունքի իրացման հետապնդումը այն կարևորագույն երաշխիքներից են, որ արցախահայության համար ապահովելու են անվտանգություն, իրավունքներ և ապահովելու են նաև Հայաստանի անվտանգությունը»,- ընդգծեց Թևանյանը:

«Հայաստան» խմբակցությունը չի ընդունում այն մոտեցումը, որ Հայաստանի և Արցախի շահերը պետք է տարանջատել:

«Չենք ընդունում այն քննադատությունը կամ այն գնահատականը, որ Արցախը մեզ համար բեռ է, և չի կարելի այդ բեռը պահել: Համոզված ենք, որ Արցախի հանձման գնով հնարավոր չէ ապահովել խաղաղություն, ճիշտ հակառակը՝ դա բերելու է պատերազմ և պարտության ու Հայաստանի կապիտուլյացիա: Եվ մենք համոզված ենք, որ արցախահայության իրավունքները պաշտպանելով՝ մենք պաշտպանում ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ պաշտպանում ենք Վարդենիսը, Գորիսը, Ստեփանավանը, Երևանը և մյուս քաղաքները ու գյուղերը»,- ասաց Թևանյանը:

«Հայաստան» խմբակցությունը կոչ է անում միջազգային հանրությանը ներդնել բոլոր ջանքերը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար:

«Մենք հասկանում ենք, որ հակամարտության կարգավորման ներկա փուլը այնքան էլ բարենպաստ չէ՝ պայմանավորված միջազգային իրավիճակով, բայց մենք համարում ենք, որ Արցախի կարգավիճակի հարցը, ի վերջո, պետք է քննության առարկա դառնա: Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ինչպես նաև տարածքային ամբողջականության վրա: Իսկ տարածքային ամբողջականություն ասելով՝ մենք չպետք է հասկանանք, որ Ղարաբաղը ներառվում է Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց Թևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս