Ոչ բարի լույս. այս 5 սովորություններն օր օրի ծերացնում են Ձեր մաշկը
Նույնիսկ ամենասովորական թվացող առավոտյան ծեսերը կարող են բացասաբար ազդել մաշկի տեսքի վրա, եթե չգիտեք, թե ինչպես ճիշտ կատարել որոշակի ընթացակարգեր: Հավանաբար, մաշկի վատ գույնը կամ աչքերի անկյուններում կնճիռները պայմանավորված են հենց այդպիսի սխալներով:
Չափից շատ մաքրում
«Որքան շատ, այնքան լավ» կանոնը չի գործում կոսմետիկայի դեպքում։ Առավոտյան տաք ջրով լվանալը բավական է մաշկն արթնացնելու համար։ Երեկոյան մոռացեք սկրաբների, պիլինգների և խնամքի այլ միջոցների մասին. չափից շատ մաքրելով դեմքը՝ Դուք այն զրկում եք բնական խոնավեցնող միջոցներից և կոտրում եք պաշտպանիչ շերտը։
Մասնագետների կարծիքով՝ մաշկի չափից ավելի չորությունն առաջին բանն է, որ կնոջն ավելի մեծ է դարձնում։ Չոր մաշկի պատճառը կարող է լինել նաև սառը օդը, տաքացման սեզոնի ընթացքում ներսի խոնավության պակասը կամ կոլագենի արտադրության նվազումը, որն առաջանում է տարիքի հետ: Այս ամենը հանգեցնում է դեմքի մաշկի փոփոխության և տեսանելի կնճիռների առաջացման։
Սուրճի չարաշահում
Առավոտյան երկու բաժակ սուրճ խմելն ու մաշկին չվնասելը հնարավոր է, եթե չմոռանաք սովորական ջրի մասին։ Մասնագետները խորհուրդ են տալիս անպայման պահպանել սուրճի կամ թեյի օգտագործումը ջրի հետ հավասար համամասնությամբ։ Խորհուրդը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր օրվա ընթացքում չեն խմում անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Նման իրավիճակում արդյունքը, ինչպես ասում են, ակնհայտ է. մաշկը ծերանում է և դառնում չոր:
Ֆիզիկական ակտիվության բացակայություն
Հավասարության նշան դրեք «գեղեցիկ երիտասարդ մաշկ» և «առողջ ապրելակերպ» հասկացությունների միջև։ Բավական է օրական ընդամենը 20 րոպե հատկացնել մարզմանը, որպեսզի որոշ ժամանակ անց դեմքը սկսի փայլել։ Բացի այդ, ակտիվ ապրելակերպն օգնում է կանխել մաշկի բջջային ծերացումը: Ուստի, կանոնավոր մարզվելով՝ կարող եք ոչ միայն կորցնել ավելորդ կիլոգրամները, այլև տեսողականորեն շատ ավելի երիտասարդ տեսք ունենալ:
Աչքերի սխալ խնամք
Աչքերի շուրջ մաշկն ավելի զգայուն է, ուստի այս հատվածում կնճիռների առաջացումը կարող է տեղի ունենալ ընդամենը մի քանի տարում և բավականին վաղ հասակում: Այստեղ անհրաժեշտ է համապատասխան խնամք։ Նախ ընտրեք Ձեր մաշկի տեսակին համապատասխան աչքերի քսուք և օգտագործեք այն առավոտյան և քնելուց առաջ։
Աչքերի տակ մուգ շրջանակների պատճառը կարող է լինել մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը (կարդացեք երկրորդ կետը)։ Նաև մի մոռացեք կրել արևային ակնոցներ. դա ոչ միայն ոճային աքսեսուար է, այլ նաև պաշտպանում է Ձեր աչքերը և նրանց շուրջը գտնվող նուրբ մաշկը:
Տոնային կրեմի սխալ տարածում
Փորձելով թաքցնել մաշկի բոլոր անհարթությունները՝ Դուք կարող եք միայն վատթարացնել վիճակը: Տոնային քսուքի հաստ շերտը և դրա վրայի փոշին կարող են ավելի ընդգծել այն, ինչ այդքան խնամքով փորձում եք թաքցնել հետաքրքրասեր աչքերից:
Ծերացող մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։ Օգտագործեք որակյալ խոնավեցնող միջոցներ, հետևեք Ձեր սննդակարգին և ռեժիմին, խմեք ավելի շատ ջուր՝ դեմքի բոլոր կնճիռները հարթեցնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը