«44-օրյա պատերազմին վատ ենք պատրաստվել». Փաշինյանի ինքնախոստովանությունների և Օնիկ Գասպարյանի անուղղակի «մեղադրանքների» հետքերով

44-օրյա պատերազմի ավարտից քսան օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 29-ին, Նիկոլ Փաշինյանը որոշել էր «ետ գնալ» և պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ չլիներ այնպես, ինչպես եղավ:

168.amը ևս տևական ժամանակ է, ինչ հետադարձ հայացք է գցում Նիկոլ Փաշինյանի պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և դրանից հետո արած հայտարարություններին ու գրառումներին, ինչը հաճախ տալիս է մինչ այս անպատասխան մնացած որոշ հարցերի պատասխանը, ինչպես ասում են՝ «փազլը հավաքվում է»:

Վերը հիշատակված ֆեյսբուքյան գրառման մեջ, իհարկե, կան «հին երգից» կրկնություններ:

Ադրբեջանի նոր պահանջների շարքում Նիկոլ Փաշինյանը նշում է Արցախի կարգավիճակի հարցի վերջնական դուրսբերումը քաղաքական օրակարգից և Լաչինի միջանցքի առանձնահատուկ կարգավիճակ չունենալը:

Կարդացեք նաև

«2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:

Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ, որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ»,- գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի պահանջները և դրանց կատարումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հընթացս դարձան առաջնահերթության նման մի բան, որովհետև այլընտրանքը պատերազմն էր:

Նիկոլ Փաշինյանը շարունակել էր միտքը՝ «շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել: Հիմա գոնե ակնհայտ է, չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին»:

Այստեղից հարց՝ «մեր բարեկամները» շահագրգիռ են եղել, որ պատերազմ սկսվի՞, եթե այո, ի՞նչ բարեկամի մասին է խոսքը, երկրորդ՝ այդ երբ մեր տեսլականից հեռացան մեր բարեկամներն ու դաշնակիցները, չէ՞ որ 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ «փակ դռների հետևում իրենց վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը», երրորդ՝ եթե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջնահերթություն էին դարձել Ադրբեջանի պահանջները, ինչո՞ւ էր Ադրբեջանը փորձում քանդել Արցախի հարցի կարգավորման այս ֆորմատը, որը փաստորեն արվեց հենց Նիկոլ Փաշինյանի «ձեռքով», իսկ հետո էլ ինչո՞ւ էր պատերազմից հետո փորձում Արցախի հարցի կարգավորումը դարձյալ տեղափոխել ԵԱՀԿ ՄԽ-ի ենթակայության ներքո:

2020-ի թուրքադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը վերը նշված գրառման մեջ կարևոր ինքնախոստովանություններ է անում, մասնավորապես, առնվազն 2020-ի թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ իմացել է՝ պատերազմ է լինելու, և սա ոչ թե վերացական, այլ շատ հստակ:

«Որևէ փուլում՝ այդ թվում թուրքադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, որին մասնակցեցին երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ավելի ուշ պարզվեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարացվել են:

Այդ ժամանակ մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից վստահեցրել էին, որ այնքան էլ մտահոգված չեն թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ:

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաժամկետ բնույթով և մտահղացմամբ մտահոգված չենք, բայց հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ է դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,- 168.am-ին պատասխանել էր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Թուրք-ադրբեջանական նշված զորավարժություններից առաջ՝ 2020-ի մայիսի 18-22-ը, Ադրբեջանում անցկացվել էր օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Այն կրել էր բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվել են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ պայմանական հակառակորդի օպերատիվ խորությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններին մասնակցել են մինչև 10 հազար զինծառայող, շահագործվել շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև` տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

ՀՀ ՊՆ-ն արձագանքելով զորավարժությունների անցկացման փաստին՝ զգուշացրել էր Ադրբեջանին` զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի՝ որպես սադրանք, և կունենա համապատասխան հետևանքներ։

Ռազմական փորձագետներն էլ իրենց հերթին՝ երկրի ղեկավարությանն էին զգուշացնում, որ ժամանակակից պայմաններում լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսումն անհնար է գաղտնի պահել, և, որ դրա անսպասելիությունն ապահովելու համար առավել շատ օգտագործում են զորավարժությունների քողի տակ զորքերի տեղաշարժը և կուտակումը որոշակի շրջաններում։

«Ընդ որում, հակառակորդին առավել խորը մոլորեցնելու համար կարող են իրականացվել մի քանի զորավարժություններ, նույնիսկ` չափազանց մեծ մասշտաբի, որով նաև կթուլացնեն զգոնությունը, և ինչ-որ մի հերթական զորավարժությունը հաշված ժամերի ընթացքում կվերածվի մարտական գործողությունների։ Ինչպես նախկինում նշել եմ` լրատվական միջոցներով մեզ հասանելի տեղեկություններն արդեն թույլ են տալիս ենթադրել, որ հակառակորդը պատրաստվում է որոշակի գործողությունների։ Եվ ամենևին պատահական չէ վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի ակտիվությունը ռազմաճակատի գծում, ինչպես նաև անընդհատ անցկացվող զորավարժությունները։ Այնպես որ, կարծում եմ, մենք շատ լուրջ պետք է վերաբերվենք ադրբեջանական կողմից եկող այս տեղեկատվությանը: Իհարկե, մեր համապատասխան մարմիններն արդեն իսկ իրականացնում են բոլոր միջոցները` անհրաժեշտության դեպքում կանխելու մեր անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Նշենք, որ 2020-ի մայիսի 18-22-ն Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացրեց նաև Նախիջևանում:

Հավելենք, որ 2020-ի հունիսին ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր՝ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Բարձրաստիճան զինվորականների և ռազմական փորձագետների զգուշացումներից հետո եղան հուլիսյան մարտերը: Ի դեպ, այստեղ ևս բացահայտելու բաներ կան, հուսով ենք, մի օր ամեն ինչ կբացահայտվի: Սա այլ խոսակցության թեմա է:

 44-օրյա պատերազմին վատ ենք պատրաստվել

Վերադառնալով Նիկոլ Փաշինյանի վերը նշված գրառմանը, նշենք, որ այդտեղ Փաշինյանը վստահեցնում էր՝ «ի՞նչ ենք արել մենք, պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել»: Այնուհետ շարունակում է.

«Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի»:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատերազմում հաղթանակ ունենալու համար ինքն ամեն ինչ արել է:

Իսկ սրանից առաջ Փաշինյանը Վլադիվոստոկում եկել էր այն եզրահանգման, որ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, երբ պատերազմից հետո 2 տարի հասարակությանը համոզում էր, որ 44-օրյա պատերազմը, պարտությունից բացի, չէր կարող այլ ելք ունենալ, քանի որ մեր դեմ միայն Ադրբեջանը չէր կռվում:

Իհարկե, այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը պատերազմի ելքի ամբողջ պատասխանատվությունը զինվորականության վրա էր բարդում՝ նշելով, որ հրամանատարներից հրամաններ են եղել, որ չի կարողացել հասկանալ ոչ քաղաքականապես, ոչ բարոյապես, ոչ ռազմականապես:

Օնիկ Գասպարյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին

Եղե՞լ են արդյոք նման հրամաններ, որոնցից Փաշինյանը գլուխ չի հանել, և թե կոնկրետ որ դեպքերի մասին է խոսքը, գուցե մի օր զինվորականությունը ինչ-ինչ հարցերի նաև հրապարակավ պատասխանի, հատկապես ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ով, ի դեպ, ժամանակին հայտարարում էր, որ ինքը ևս բազմաթիվ հարցեր ունի երկրի ղեկավարությանը:

«Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»,- Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ասել էր գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանը։

Այսինքն, կարելի է ենթադրել, որ ԳՇ նախկին պետը ուղղակի կամ անուղղակի մեղադրել է երկրի ղեկավարությանը պատերազմին պատշաճ չնախապատրաստվելու և պատերազմի ժամանակ կառավարման համակարգի ոչ լիարժեք աշխատանքի համար, մեղմ ասած:

Հիշեցնենք, որ 168.amգրել էր, որ 44-օրյա պատերազմից 26 օր առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «գաղտնի» նամակը է ուղարկել։

Փաստաթղթում զորավարժությունների սցենարի համատեքստում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում ականատես եղանք պատերազմի ընթացքում և հետո:

Ի դեպ, տարբեր տեղեկությունների համաձայն, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմ սկսելու հավանականությունը 30 տոկոս է գնահատել, այնպես որ, բազմաթիվ հարցեր կան, որին նաև գեներալը պիտի պատասխանի, ինչո՞ւ չէ, նաև Նիկոլ Փաշինյանին ուղղված դեռևս հրապարակային պատասխան չստացած իր իսկ հարցերի համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս