«Բանաձևի ընդունումը շատ պահանջված էր ոչ այդքան մեզ համար, որքան քաղաքակիրթ աշխարհի». Դավիթ Բաբայան
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այն ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։
Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Ըստ այդ բանաձևի՝ «Պահանջվում է հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և ապահովել նրանց վերադարձը հայրենիք։ Առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական և տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաև կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի և նավթի ներկրման հարցում։ Վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ։ Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն աջակցելու հնարավորությունը»։
168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևին և դրա նշանակությանը, նշեց, որ նախևառաջ բանաձևի ընդունումը շատ կարևոր քայլ է Ֆրանսիայի կողմից, քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի կողմից։
«Մենք իսկապես բարձր ենք գնահատում այդ քայլը, բանաձևն ընդունելուց հետո Արցախի ԱԳՆ-ն անմիջապես հայտարարություն է տարածել։ Բանաձևի ընդունումը կարևոր քաղաքական, իրավական, բարոյական, մարդասիրական քայլ է, այն իսկապես շատ պահանջված էր ոչ այդքան մեզ համար, որքան քաղաքակիրթ աշխարհի համար։ Ադրբեջանի պահվածքը, քաղաքականությունը և այն քայլերը, որ այդ երկիրն է իրականացնում՝ լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքակիրթ աշխարհի համար։ Հիշեք, թե Ալիևն ինչպիսի բառապաշար օգտագործեց նոյեմբերի 8-ին՝ օկուպացված Շուշի իր կատարած այցի և ունեցած ելույթի ժամանակ։ Սա ոչ միայն հայատյացության, նացիզմի դրսևորում է, այլև անհարգալից վերաբերմունք է միջազգային հանրության նկատմամբ։ Ըստ Ալիևի, իրեն որևէ մեկը չի կարող կանգնեցնել, ինչ արել է՝ լավ է արել, եթե միջազգային հանրությունը չուզենար, այդ ագրեսիան չէր լինի։ Այսպիսի բառապաշարն ու քաղաքականությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ Ալիևն առհասարակ չափ ու սահման չի պահպանում»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ըստ Դավիթ Բաբայանի, թեպետ Արցախի, հայության համար շատ կարևոր կլինի, որպեսզի շատ արագ, սրընթաց ձևով Ադրբեջանին իր տեղը ցույց տան, սակայն դրան զուգահեռ՝ պարզ տեսանելի է՝ որքան միջազգային հանրությունն անտարբեր է մնում, կամ այս ու այն երկիրն Ադրբեջանին պաշտպանում են, Ալիևն ավելի ագրեսիվ է դառնում, և, ի վերջո, այդ ագրեսիան օգտագործում է հենց միջազգային հանրության դեմ։
Հարցին՝ այս բանաձևի ընդունման օրինակին կարո՞ղ են հետևել նաև այլ երկրներ, և առհասարակ նման բանաձևերի ընդունումը որքանո՞վ կարող է զսպել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց.
«Իհարկե, շատ լավ կլիներ, եթե նմանօրինակ բանաձևեր ընդունեին նաև այլ երկրներ, և ոչ միայն օրենսդիր, այլև գործադիր մակարդակով, որովհետև եթե ժողովրդավարական Արցախն Ադրբեջանի կողմից ենթարկվում է ագրեսիայի և դրա դեմ աչք են փակում, ավելին՝ որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ փորձում են մեզ խցկել այդ տոտալիտար պետության կազմ՝ սա խայտառակություն է, պարզապես խայտառակություն։ Սա համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից և դավաճանական վերաբերմունք է, և սա ասում ենք բարձրաձայն»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Արցախի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ բանաձևը կազդի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության վրա, թեպետ պետք է գիտակցել, որ չեն ապրում հրաշքների աշխարհում, այլ ապրում են դաժան, արժեհամակարգը կորցրած ժամանակահատվածում։ Հետևաբար՝ պետք է պայքարեն, աշխատեն և, ամենակարևորը՝ իրականությունից չկտրվեն, ճիշտ պատկերացնեն բոլոր գործընթացները։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի փոխնախագահ, Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «բարի կամքի դեսպան» տիտղոսից հրաժարվելուն և հարցին՝ սա որևէ կերպ կարո՞ղ է կապված լինել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևի հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ դժվար թե միայն այդ բանաձևի համար նա հրաժարվեր իր տիտղոսից։
«Իհարկե, միջազգային հանրությունը պետք է այնպես անի, որ նման մարդիկ չարժանանան նման տիտղոսների։ Արցախյան երրորդ պատերազմից երկու տարի է անցել, Ալիևան ոչ միայն առաջին տիկինն է, նա առաջին փոխնախագահն է և նաև պատասխանատու է այն ցեղասպանության համար, որը տեղի է ունեցել Արցախի դեմ։ Բայց նրան ոչ թե այդ տիտղոսից զրկել են, այլ նա է հրաժարվել, որոշ մարդիկ էլ երևի խնդրել են, որ մնա, այ սա է դառը իրականությունը։ Ինչպե՞ս կարող է նման մարդը «բարի կամքի դեսպան» լինել, սա՞ է կամքն աշխարհի։ Մենք մեծ աշխատանք ունենք անելու և, ամենակարևորը՝ չպետք է ընկնենք երազանքների գիրկը, ունենք հստակ նպատակներ, բարեկամ-եղբայրական երկրներ, որոնց հետ պետք է զարգացնենք մեր հարաբերությունները և այնպես պետք է անենք, որ ագրեսորը պատասխանատվություն կրի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։