«Սա վառ ապացույց է, որ միջազգային հանրության կողմից նշաձողն իջեցնելու մասին պահանջ չի եղել». Դավիթ Գալստյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը երեկ հայտարարել էր, որ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև:

Բանաձևով կոչ է արվում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում՝ Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։ Բանաձևով նաև պահանջվում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ։

Կոչ է արվում նաև Ֆրանսիայի կառավարությանը հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով միանա դիվանագիտական ուղիներով բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Սենատի ընդունած բանաձևն Ադրբեջանի Մեջլիսը որակել է՝ որպես «հակաադրբեջանական»։ Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, ֆրանսիական բոլոր ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից։

Կարդացեք նաև

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն ի՞նչ է տալու Արցախին ու արցախահայությանը, դրանից հետո ի՞նչ քայլեր պետք է իրականացնի հայկական կողմը, այդ թվում՝ Արցախի խորհրդարանը և առհասարակ Արցախի իշխանությունները։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նախ ասաց, որ Ֆրանսիայի Սենատի քայլը միանշանակ ողջունելի է արցախահայության կողմից։

«Սա փաստում է նրա մասին, որ Արցախի հարցը փակված չէ։ Երբ մեզ կերակրում էին նրանով, թե միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի նշաձող իջեցնենք՝ սա վառ ապացույցն է այն բանի, որ նման պահանջ չի եղել միջազգային հանրության կողմից և նշաձողը չի իջեցվել։ Սա պատասխան է՝ ուղղված ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև այն գործիչներին, որոնք մտածում են, թե Արցախի հարցը փակված է»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ մինչ ՀՀ իշխանությունը փորձում է իսպառ մոռացության տալ Արցախի հարցը, միջազգային հարթակներում տարբեր ձևաչափերում այդ հարցին անդրադարձ է կատարվում՝ տարբեր բանաձևերի ընդունման տեսքով։

«Եթե մենք կարողանանք ճիշտ համագործակցել ու դիվանագիտություն վարել, ապա կհասնենք մեր նպատակին, այն է՝ տեր կանգնել սեփական իրավունքներին և վերադառնալ հայրենիք։

Այս ամենի համատեքստում, համոզված եմ, որ Արցախի օրվա իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանը, այս քայլն անպատասխան չի թողնելու։ Նորից եմ կրկնում՝ Արցախի հարցը տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնվելու է, և Ադրբեջանն, ի վերջո, կտեսնի, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի կատարած ոճրագործությունների նկատմամբ անտարբեր չէ։

Սրան զուգահեռ՝ պետք է հետևողական աշխատանքներ տանել՝ Ադրբեջանի կողմից պատմամշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված գնահատականներ տալու համար։ Հայկական իշխանությունը, ի վերջո, պետք է տեր կանգնի հայկական շահին, այլ ոչ թե միայն ու միայն հույսով ապրի, թե իր շահի համար կխոսեն այլ երկրներ»,- շեշտեց Դավիթ Գալստյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ եթե հայկական կողմն ադեկվատ քայլեր չձեռնարկի, ապա միջազգային հանրությունը կհիասթափվի հայկական կողմի այդ վարքագծից, և Արցախի հարցի լուծումն ավելի կերկարաձգվի։

«Պետք է ունենալ այն ձևաչափը, որը միակ լեգիտիմ ձևաչափն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Այն ունի միջազգային մանդատ՝ զբաղվելու Արցախի խնդրով։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի վերականգնվի այդ ձևաչափը, որում կարող է լիիրավ մասնակցություն ունենալ Արցախը, որպեսզի կարողանանք Արցախ վերադառնալու մեր լիիրավ հույսերը գործնականում ապահովել»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի կայքում բանաձևի վերաբերյալ նշված էր, որ Ֆրանսիայի Սենատն ամենավճռական կերպով դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի կողմից իր դաշնակիցների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական հարձակումը, որը հանգեցրեց այնտեղ բնակվող գրեթե ողջ հայ բնակչության վտարմանը։

Սենատը հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը, որը տարածվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության միակ հնարավոր ճանապարհն է, և, որ պետությունները պարտավոր են հարգել և պաշտպանել այդ իրավունքը։ Հետևաբար, միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանից պահանջել գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու հայ բնակչության Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ նրանց անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովող պայմաններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031