ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունների ապագան որոշվելու է ՀԱՊԿ-ից սպասվող դիրքորոշումից. Փաշինյան
«Այո, հայտարարությունների մակարդակում մենք տեսնում ենք որոշակի լարվածություն, բայց նաև օգտվելով այն առիթից և գուցե հետահայաց մեղավոր զգալով այն բանում, որ մենք հանրության հետ ոչ ամբողջ տեղեկատվությունն ենք կիսել և օգտվելով առիթից, որ հրապարակային քննարկելու դաշտը մեզ հայտնի իրադարձություններից հետո ընդլայնվել է, ես ուզում եմ մի քանի շեշտադրումներ անել»,- այսօր խորհրդարանում անդրադառնալով անվտանգային իրավիճակին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա առաջին շեշտադրումը վերաբերում էր խաղաղության պայմանագրի ընթացքին: «Դուք գիտեք, որ ՀՀ-ն Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել մեր մեկնաբանությունները, մեր առաջարկները և մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին: Այդ արձագանքների առումով, պետք է ասեմ, որ տեսնում ենք լարվածության որոշակի միտումներ: Այդ լարվածությունը կապված է կոնկրետ իրադարձությունների և կոնկրետ իրավիճակների հետ: Դուք գիտեք, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից՝ 2021թ. մայիսի 11-ից առաջ գոյություն ունեցած դիրքեր:
Ըստ էության, միջազգային հանրությունը աջակցում է մեր այս դիրքորոշումը, և հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նույնպես մեր այս դիրքորոշումը կպաշտպանի: Իհարկե, տարօրինակ է իրավիճակը, որովհետև թվում է, թե հակառակը պետք է լիներ, ՀԱՊԿ-ը պետք է հստակ պաշտպաներ և մեր մյուս գործընկերների հետ պետք է աշխատեինք դիրքորոշում կառուցելու համար, բայց հիմա ուղիղ հակառակն ունենք, և ես հույս ունեմ, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ այս կոնսենսուսը կարձանագրենք: Սա սկզբունքային դիրքորոշում է ՀՀ համար:
Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, ո՛չ, մենք ասում ենք, որ քաղաքական դիրքորոշումը, արձանագրումը՝ ինչ է այս իրավիճակի ՀԱՊԿ-ի ընկալումը, և ինչ քաղաքական դիրքորոշում է ՀԱՊԿ-ը արձանագրում այս իրավիճակի հետ կապված, մեզ համար չափազանց կարևոր է: ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և մեր հարաբերությունների ապագայի նկատմամբ ձևավորվելու է հենց այս հարցի հետ կապված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ 2021թ. մայիսից առաջ էլ կան տարածքներ, որոնք Հայաստանն օկուպացրել է.
«Իրենք կարծում են, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է դուրս գա այդ տարածքներից: Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից ՀՀ-ն պետք է դուրս գա, ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն՝ որտեղից որտեղ պետք է գնա: Եթե մենք ճշգտրենք այդ սահմանը, դա կարող է ՀՀ համար լինել շատ ընդունելի խոսակցություն: Պարզ է, չէ՞, եթե մենք վերցնում ենք Խորհրդային Միության սահմանը, եթե, օրինակ՝ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է՝ նա նկատի ունի, որ այդտեղ ինչ-որ տարածքային բաժանում կա, գիծ կա: Ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք մեզ գիծը, ցույց տվեք մեզ քարտեզը և դա կարող է լինել հետաքրքիր: Մենք չենք մերժում դա, որովհետև այդ նույն տարածքներում հայկական չորս գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է:
Ես կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է: Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է:
Օկուպացված են Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողեր. 1992-94թթ. դա է եղել: Մենք ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք քարտեզը, ցույց տվեք սահմանի գիծը, և թե ձեր ցույց տվաց սահմանի գիծն ինչ իրավական հիմնավորում ունի: Այդ դեպքում նաև մենք պատրաստ ենք իրադրությունը զարգացնել մինչև ամբողջ սահմանի երկայնքով ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն, մենք ենք գնալ այդ լուծումներին, ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա:
Ես ուզում եմ և՛ հայ հանրությունը, և՛ միջազգային հանրությունը սա արձանագրի, պայմանով, որ մեր այն հայրենակիցները, որոնք քարտեզի մասին այդքան էլ լավ պատկերացում չունեն, միանգամից չշտապեն որակումներ տալ, որովհետև էլի կրկնում եմ, խոսքը 29 800 քառակուսի կիլոմետր ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ոչ թե զիջելու մասին է»: