Սերժ Սարգսյանի օրոք մշակված ԶՈՒ զարգացման 7-ամյա ծրագրի «մարգարեությունը». Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն վատագույն սցենարին
2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ի հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 2018-2024թթ. նոր յոթնամյա ծրագիր, քանի որ, ըստ Սերժ Սարգսյանի, թեպետ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, սակայն ՀՀ զինված ուժերը հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, ինչը հանգեցնելու է ոչ միայն զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այլ նաև զինատեսակների արդիականացմանը:
2017-ի հոկտեմբերի 30-ին Սաթիկ Սեյրանյանի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ Վիգեն Սարգսյանը ներկայացնելով 7-ամյա ծրագրի հիմնական ուղղությունները, մասնավորապես, սպառազինության հետ կապված նշել էր, որ պետք է հստակ պլանավորել ռազմական, ռազմատեխնիկական խնդիրները՝ ի՞նչ է պետք մեզ ձեռք բերել 2018-ին, 2019-ին, 2020-ին և այլն, և թե ինչպե՞ս է դա ազդելու բանակի մարտունակության բարձրացման վրա:
«Ռազմական տեխնիկան մշտական խնամքի և պահպանման կարիք ունի, որը ևս հսկայական ռեսուրսներ է պահանջում: Եթե դու չունենաս երկարաժամկետ ծրագիր, այսօր ձեռք բերածդ մեկ տարի հետո կարող է լուրջ խնդիր դառնալ պահպանման և շահագործման առումով»,- հավելել էր Վիգեն Սարգսյանը:
Յոթնամյա այս ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, կամ բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզը, որը, ինչպես վերևում նշեցինք, հստակ ձևակերպում էր մեր ռազմական նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։
Ծրագրի հեղինակների կարծիքով, բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են նաև բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։
Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատրման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար:
Այս ամենը 2018-ի հունվարի 12-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ռազմական ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին նախագահ Սերժ Սարգսյանին, որ ԶՈւ զարգացման յոթնամյա ծրագրում հաշվի են առնվել առկա անվտանգային մարտահրավերները, կանխատեսվել իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել դրանց հակազդման ուղիները, ստեղծվել անհրաժեշտ պայմաններ՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:
Պաշտպանության նախարարությունում հրավիրված քննարկումից մոտ 20 օր հետո ԶՈւ զարգացման ծրագիրը քննարկվեց նաև ԱԽ նիստում, որի ընթացքում, մասնավորապես, Սերժ Սարգսյանն ասել էր.
«Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ: Պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, իհարկե, մինչ այս ինձ զեկուցել են ծրագրի մասին, այնուհետև ես հնարավորություն եմ ունեցել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ քննարկելու այս ծրագիրը: Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, և, որ ամենակարևորն է՝ կան նաև ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է Անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետև արդեն ընթացք կտանք»:
ԶՈւ զարգացման այս ծրագրի՝ սպառազինության մատակարարման վերաբերյալ հատվածին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք, որը իշխանափոխությունից հետո գրչի մեկ հարվածով Նիկոլ Փաշինյանը ջնջել էր, փոխել:
Այս դեպքում նախկին իշխանությունների օրոք մշակված յոթնամյա ծրագիր-փաստաթղթի շրջանակում ցանկանում ենք անդրադառնալ մեզ համար լայնամասշտաբ պատերազմի կանխատեսելիության և, առհասարակ, դրան պատրաստ լինելու հարցին:
Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն վատագույն սցենարին. նախկինների ԶՈւ 7-ամյա ծրագիրը նախատեսել էր հակասցենարներ
Իշխանափոխությունից կարճ ժամանակ առաջ՝ 2018թ. մարտի 28-ին, «Ազատության» «Տեսակետների խաչմերուկում» հաղորդմանը, որը վարում էր Աննա Իսրայելյանը, հյուրընկալվել էր այն ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը, որը մասնակցել է բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագրի մշակմանը:
Գեներալը, պատասխանելով Արցախի խնդրի բանակցային ճանապարհով լուծման հավանականությանը, կամ խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման նվազ հնարավորությանը, շեշտել էր.
«Անկախ քաղաքական գործընթացներից և այն լուծումներից, որոնք կարող է առաջարկել քաղաքական գործիչների գործունեությունը, Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն վատագույն սցենարին, իրադարձությունների վատագույն սցենարին: Եվ զարգացման պլանը միտված է այդ ապագայի սպառնալիքներին համահունչ պատասխան տալուն»:
Աննա Իսրայելյանը հակադարձել էր, որ ըստ փաստաթղթի, իրավիճակը կարող են լարել նաև տարածաշրջանում ապակառուցողական շահեր հետապնդող դերակատարները, ահաբեկչական խմբերը, ըստ այդմ՝ նախատեսված է պաշտպանության ծախսերին հատկացնել ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 4 տոկոսը, և շարունակել ռազմական տեխնիկայի, սպառազինության արդիականացումը: Բացի այս, նշվել էր, որ համապարփակ փաստաթղթում խոսվում է նաև զսպման մեխանիզմների մասին, որը ենթադրում է հակառակորդին անհամաչափ վնասի պատճառում:
Օնիկ Գասպարյանը, պահպանելով գաղտնիության սկզբունքը, վերը նշված հարցադրումներին պատասխանել էր.
«Մարտական հերթապահությունը պետք է ունակ լինի ապահովել պետական սահմանի հուսալի պահպանությունը, կարողանա վաղ հայտնաբերել հակառակորդի հարձակողական խմբավորումները, դրանց ստեղծումը, և ապահովել ԶՈւ զորահավաքային ծավալումը պատերազմական ժամանակի հաստիքներով, և ըստ օպերացիոն ուղղությունների պաշտպանողական խմբավորումների ստեղծումը»:
Այնուհետ հաղորդման ընթացքում միացվել էր այսօր ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հեռախոսահարցը՝ «ինչքան փող է ծախսվելու բանակի արդիականացման համար, այդ հաշվարկները կա՞ն, այդ թվում՝ կադրերի պատրաստում, ժամանակակից սպառազինության ձեռքբերում», ինչին ի պատասխան՝ Օնիկ Գասպարյանը դարձյալ թույլատրելիի սահմանում վստահեցրել էր.
«Բոլոր հարցերի պատասխանը միանշանակ ծրագրի մեջ կա, կան նաև ֆինանսական աղբյուրները՝ ըստ բոլոր տողերի: Ովքե՞ր են իրականացնելու. իրականացնելու ենք մենք, այն թիմը, որը ստեղծված է ՊՆ-ում, ԳՇ-ում: Գիտենք՝ ինչ ենք անելու, ինչպես ենք անելու: Մեր առջև դրված խնդիրը միանշանակ կատարելու ենք»:
Այդ ժամանակ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանն անդրադարձել էր նաև պայմանագրային ծառայության համակարգին և ասել, որ ճիշտ չէ ամբողջովին անցնել պայմանագրային ծառայության, պարտավոր ենք պահպանել համաչափություն:
«Գիտենք ինչ համաչափություն, դրա մասին պետք չէ, որ հիմա մենք խոսենք: Մեզ նման պետությանը, երբ անընդհատ պատերազմի սպառնալիքի պայմաններում ենք մեր գործունեությունն իրականացնում, պետք է շատ լավ պատրաստված զորահավաքային ռեսուրս, որը ձևավորվում է այսօր ժամկետային պարտադիր ծառայության անցած զինծառայողների միջոցով: Եթե մենք ամբողջովին անցնենք պայմանագրային ծառայության, չենք ունենա անհրաժեշտ քանակի և որակի ռեսուրս: Արդիականացման ծրագրի մեջ հստակ երևում են և՛ չափորոշիչները, և՛ քանակները»,- ընդգծել էր գեներալը:
Խոսելով ռազմաարդյունաբերությունից, ԳՇ պաշտոնյան վստահեցրել էր, որ ԱԹՍ-ների հետ կապված ոլորտը ներկայացնող հեղինակավոր մասնագետների հետ են համագործակցում, լուրջ հաջողություններ ունեն:
«Ես կարծում եմ, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում մենք միջազգային զենքի շուկայում, առանց չափազանցության, կարող ենք ունենալ մրցունակ նմուշներ»,- շեշտել էր Գասպարյանը:
Այս համատեքստում գեներալ Գասպարյանը հայտնել էր, որ 7-ամյա ծրագրում խոսք է գնացել նաև սպառազինության մատակարարման գործում Չինաստանի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ համագործակցության ստեղծման, ընդլայնման մասին՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար:
«Ընդլայնելու ենք մեր գործընկերային հարաբերությունները, փոխգործունակ մեր կարողություններն ենք զարգացնելու: Ես արդեն նշեցի՝ Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների վատագույն զարգացմանը: Եվ ցանկացած վիճակում, ցանկացած պայմաններում Զինված ուժերը պետք է ունակ լինեն չեզոքացնել այն մարտահրավերները, որոնք կարող են լինել»,- եզրափակել էր գեներալ Օնիկ Գասպարյանը:
Ի՞նչ է ստացվում ՝ դիվանագիտական ճակատում որոշակի հաջողություններ գրանցած նախկին իշխանությունները հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը և անընդհատ վերազինումը, Զինված ուժերի առջև խնդիր էին դրել՝ պատրաստվել վատագույն սցենարին: Ավելին, մատնանշել էին այն զարգացումները, որի հետ բախվեցինք 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Թուրքիայի մասնակցությունից մինչև վարձկան-ահաբեկիչների ներգրավում, ինչպես նաև՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ խնդիր էր դրվել ստեղծել կամ ընդլայնել ռազմակատեխնիկական համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, ինչի մասին այսօր Փաշինյանի իշխանությունը նոր-նոր է խոսում, որի հստակ արդյունքները դեռ չենք էլ տեսնում:
Ի դեպ, ճակատագրի հեգնանք էր, կամ՝ գուցե դիտավորություն, դավադրություն, որ 44-օրյա պատերազմից մոտ 3 ամիս առաջ՝ 2020թ. հունիսի 8-ին Օնիկ Գասպարյանը նշանակվում է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, և բախվում է նաև իր իսկ մատնանշած վատագույն սցենարին և ստիպված լինում պատերազմ վարել, այսպես ասած, իր իսկ մշակած 7-ամյա ծրագրով նախատեսված անհամաչափ պատասխան գործողությունների, զսպման մեխանիզմների, ավելին՝ ռազմական գործից գաղափար չունեցող գերագույն հրամանատարի կամ քաղաքական ղեկավարության պայմաններում:
Արդյունքը եղավ այն, ինչ եղավ:
Դավիթ Տոնոյանի բանակի զարգացման տեսլականները
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանը բանակի զարգացման իր տեսլականները ներկայացրեց՝ 2018-ի հուլիսին և 2020-ի հունիսին, դրանցում ևս կարևոր կետեր կային, որոնք, մեծ հաշվով, ևս անտեսեց Նիկոլ Փաշինյանը:
«Անշուշտ, առանցքային նշանակություն ունի զինված ուժերի զինանոցի համալրումը արդիական սպառազինությամբ, և այս գործում մեր աշխատանքներն իրականացնելու ենք ինչպես դաշնակից ու գործընկեր պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման, այնպես էլ՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման շրջանակներում:
Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով»,- գրված էր Տոնոյանի վերջին տեսլականում:
Ըստ Դավիթ Տոնոյանի, առաջնահերթությունից պետք է լիներ նաև հակառակորդի հետ անմիջական շփման բնագծերի շարունակաբար համալրումը արդիական տեխնիկական միջոցներով և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացումը:
«Մենք պետք է առավելագույնի հասցնենք մի կողմից՝ հակառակորդի դիպուկահար կրակի, դիվերսիոն ներթափանցման և հարձակման նախապատրաստման փորձերի բացահայտման, հավաստանշման, թիրախորոշման և կրակային խոցման կարողությունները, և մյուս կողմից՝ յուրային անձնակազմի քողարկման, պատսպարման և պաշտպանվածության աստիճանը»,- խոստանում էր կալանավորման մեջ գտնվող նախկին նախարարը:
Տոնոյանն ունեցել է նաև գրոհային ստորաբաժանումներ ունենալու և զարգացնելու տեսլական: Մեր տեղեկություններով՝ Արտակ Դավթյանը դեմ է եղել Տոնոյանի՝ գրոհային ստորաբաժանումներ ունենալու տեսլականին:
Հավելենք, որ գրոհիչ խմբերի ստեղծման տարբերակով փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու փորձ դեռևս շատ վաղուց իրականացրել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, երբ ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:
Ի դեպ, Դավիթ Տոնոյանն իր տեսլականներում խոսել էր թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումից, որը չէր անտեսվել նաև դրանից առաջ մշակված 7-ամյա ծրագրում:
«Կառավարման ուղղությամբ մեր վերջնանպատակը պետք է լինի հասնելու լիարժեք թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրմանը: Ընդ որում` մի կողմից` մենք պետք է մեր կառավարման համակարգը համապատասխանեցնենք թվային տեխնոլոգիաների արագ զարգացումներին, մյուս կողմից՝ ապահովենք դրանց կիբերպաշտպանության հուսալի մակարդակ: Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր արդեն քաղաքացիական առօրյա կյանքում, ինչպես նաև տեխնոլոգիապես հագեցած բանակներում էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքները դարձել են «խելացի», ավելին՝ արհեստական բանականության կիրառման շնորհիվ դրանք ձեռք են բերում «ինքնուրույն սովորելու» կարողություն: Չեմ բացառում, որ կգա այն ժամանակը, երբ ռազմական գործողությունների կառավարման գործում կվերանա կառավարման կետերի և թվային կապուղիների անհրաժեշտությունը, այլ հրամանատարության միասնական մտահղացման վրա կառուցված ալգորիթմները ռազմական գործողությունների տարբեր փուլերում և իրավիճակներում գործող ստորաբաժանումներին ինքնուրույն կտան այդ մտահղացումից բխող և իրավիճակի ամբողջական վերլուծության վրա հիմնված առավել օպտիմալ լուծումներ՝ բացառելով մարդկային գործոնից կախված այս կամ այն հավանական բացթողումները: Ուստի, թվային կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումն այլընտրանք չունի՝ լինի դա զորքերի ղեկավարման, ապահովման, թե պատրաստության ոլորտներում:
Զորքերի ղեկավարման ուղղությամբ այդ համակարգը պետք է ունակ լինի ապահովելու կառավարման «վերահսկելի ապակենտրոնացումը», հետևաբար՝ կառավարման կետերի շարժունակությունն ու տարաբաշխվածությունը: Զորքերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի կիրառման և ըստ այդմ` որոշումների կայացման պատվիրակման պայմաններում կառավարման այդ մոդելը հնարավորություն կընձեռի ունենալու տարատեղված, ինքնաբավ և միասնական մտահղացման շրջանակներում ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ ստորաբաժանումներ: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի նշել, որ ժամանակակից ռազմական գործողությունների, առավել ևս՝ ապակենտրոնացված և միասնական մտահղացման շրջանակներում ինքնուրույն մարտական գործողություններ վարելու ունակ ստորաբաժանումների կառավարման համար անհրաժեշտ է ունենալ իրավիճակի և դրա դինամիկ զարգացման ամբողջական պատկերը, և առավել կարևոր է, որ արագ և առաջանցիկ որոշումները հիմնված լինեն իրական ժամանակում ստացվող տվյալների վրա: Հետևաբար, արդյունավետ կառավարման համակարգը պետք է ապահովված լինի նույնքան արդյունավետ հետախուզական համակարգով»,- կարծում էր Նիկոլ Փաշինյանի ժամանակ պաշտպանության նախարար եղած և պատերազմի ժամանակ պաշտոնավարած Դավիթ Տոնոյանը, որն արդեն պաշտոնին հրաժեշտ տալուց և դրանից հետո էլ ընդունեց, որ բանակում շատ փոփոխությունների, նորամուծությունների, հայեցակարգային փոփոխությունների չի կարողացել հասնել:
Իսկ նախկինների ժամանակ ՊՆ-ում աշխատած և ներկաների հետ հաջողությամբ համագործակցող, Անդրանիկ Քոչարյանի մոտ փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը, որն ինչ-ինչ շահերից ելնելով՝ անընդհատ հիշում է նախկինների թերությունները միայն, իսկ 2020-ի հունիսին հայտարարում էր, որ «Դավիթ Տոնոյան-Օնիկ Գասպարյան տանդեմը դրական ազդեցություն կունենա ՀՀ ԶՈՒ զարգացման վրա», այսօր լռում է նաև նրանց մասին, բանակում ունեցած նրանց ներդրումների, բանակի զարգացման նրանց չկատարված տեսլականների, որովհետև այլևս պաշտոնի չեն, Նիկոլ Փաշինյանի բարեհաճությունը չեն վայելում, ավելին, Տոնոյանը կալանքի տակ է:
Բայց այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիական դարում ոչինչ հնարավոր չէ մոռացության մատնել…