Բաժիններ՝

Քննարկվել են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի ՀՀ հանձնառությունները. ԿԳՄՍ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի անդամների հետ՝ քննարկելու Բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի գործողությունները:

Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի անդամ Էլինա Ասրիյանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակի ապահովման չափանիշների և ուղենիշների համապատասխան որակի ապահովման աշխատանքային խմբի անդամ Վարդուհի Գյուլազյանն ու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակին համադրելի եռաստիճան համակարգի խմբի անդամ Անի Մկրտչյանը:

ՀՀ-ն անդամակցելով Բոլոնիայի գործընթացին՝ պարտավորություն է հանձն առել իրականացնել բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակի նկատմամբ։ Բոլոնիայի գործընթացի հետամուտ աշխատանքային խմբի ՀՀ ներկայացուցիչներն իրականացրել են ինքնահավաստագրման գործընթացի պլանավորում, քննարկել են գործընթացի չափանիշներն ու ընթացակարգերը և համաձայնության եկել աշխատանքային և հավաստող խմբեր ձևավորելու հարցում: Աշխատանքային հանդիպման ընթացքում հստակեցվել է նաև գործողությունների իրականացման և հաշվետվողականության ժամանակացույցը։

Ինքնահավաստագրման գործընթացը նպատակաուղղված է ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչմանը, որակավորումների արժանահավատ շնորհմանը և Եվրոպական բարձրագույն կրթության որակավորումների համադրելիության ապահովմանը։

«Արդեն իսկ մշակված է հստակ գործիքակազմ՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները խթանելու և Հայաստանում եվրոպական փորձը ներդնելու նպատակով։ Այս ամենի պատշաճ իրականացումը մեծ պատասխանատվություն և բարեփոխումների գործընթացում ներգրավված անդամների համատեղ աշխատանք է պահանջում: Բոլորիս համատեղ աշխատանքով միայն մենք կարող ենք միջազգային գործընթացներում Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնել»,- աշխատանքային հանդիպման ընթացքում նշել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նշենք նաև, որ հոկտեմբերի 20-21-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի որակավորումների շրջանակին համադրելի եռաստիճան համակարգ աշխատանքային խմբի հանդիպումը՝ «Միկրոորակավորումների դերը որակավորումների ազգային շրջանակներում» թեմայով, որի արդյունքում ՀՀ ներկայացուցիչ Անի Մկրտչյանն ընտրվել է «Միկրոորակավորումներ աշխատանքային խմբի» («Working group on Microcredentials») համանախագահող

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում միկրոորակավորումներին առնչվող օրենսդրական հենքի ապահովմանը, ինչպես նաև վերջինիս սահմանման, ճանաչման, շնորհման և որակի ապահովման հիմնահարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս