Լսել ծնողների՞ն, թե՞ անել այն, ինչ ցանականում ենք
Ամեն բան սկսվում է մանկությունից։ Թե ինչպիսի մարդ, ընկեր, ծնող կամ պարզապես քրիստոնյա կդառնանք մենք դեռևս մանկությունից է որոշվում։ Մեր ստացած դաստիարակությունը, ծնողներից փոխանցվող խորհուրդներն ու հորդորները շատ որոշիչ են դառնում ապագա մեր կյանքում։
Հիշո՞ւմ եք ձեր մանկության այն դրվագները, թե ինչ արգելքներ էին դնում ծնողները մեր առաջ ու հորդորում ամեն հարցում զգուշավոր լինել։ Հիշո՞ւմ եք, փոքր ժամանակ ինչպես էին մեզ կանոններ սովորեցնում, օրինակ` անծանոթների հետ չխոսել, տանը վտանգավոր իրերին չդիպչել, կամ հեռու մնալ հոսանքից ու այս շարքը կարելի է անվերջ թվել։ Երբեմն անգամ հոգնում էինք անդադար «չանել, զգույշ լինել, հեռու մնալ» բառերը լսելուց։ Ու այդ «կանոնները» պարզապես բեռ էին թվում, տպավորություն էր, որ մեր ծնողները հատուկ են դրանք հորինել, մեր կյանքը բարդացնելու, մեզ վախերի մեջ պահելու համար։
Մեծանալով, սովորեցինք ու հասկացանք, թե որքան կարևոր էին այդ «կանոնները»։ Գուցե այն ժամանակ անդադար դժգոհում էինք, որ այդ կերպ սահմանափակում էին մեր երջանկությունը կամ գործողությունները, բայց իրականում այդ ամենին չենթարկվելով՝ կարող էինք վնասել ինքներս մեզ ու շրջապատին։
Մեծանալու հետ մեկտեղ, հարազատ ծնողների պես Աստված ևս մեզ պատվիրաններ է տալիս, որպեսզի մշտապես ուշադրության կենտրոնում պահենք դրանք ու չշեղվենք ճշմարիտ ճանապարհից։ Տերը իր պատվիրանների միջոցով սովորեցնում է՝ ինչն է կարևոր այս կյանքում, և ինչը կարող է խաթարել Իր հետ մեր հարաբերությունները: Նրա առաջնորդությունը նպատակ ունի ապահով ու անվտանգ կյանքի ընթացք պարգևել և, ի վերջո, ավելի շատ ազատություն և երջանկություն շնորհել:
«Պատվիրան» բառը գուցե հիշեցնի մի ցուցակ, թե ինչ չպետք է անենք, բայց իրականում Աստված ասում է, ոչ միայն ինչ չպետք է անենք, այլ՝ ինչ պետք է անենք: Նրա մեծագույն հույսը մեր հավերժական երջանկությունն է, այնպես որ կարող ենք վստահ լինել, որ Նրա պատվիրանները սահմանափակող կանոններ չեն, այլ աստվածային առաջնորդություն, որոնք նպատակ են հետապնդում պաշտպանել և առաջնորդել մեզ դեպի ավելի լավ ու աստվածահաճո կյանք: Ինչ-որ բան չանելով մեր կյանքն ավելի լավ չի դառնա։ Կյանքը վերափոխելու կարևոր պայման է, թե ինչ կանենք։