«Մեծ Էդգարիս հովանավորությամբ ծնվեց նրա փոքրիկ եղբայրը»․ Եռաբլուրում տեղի ունեցավ հերոս Էդգարի և կրտսեր Էդգարի առաջին հանդիպումը
2020 թվականի սեպտեմբերին թշնամու սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված Էդգար Զաքարյանի եղբայրը՝ Էդգար կրտսերը, որը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 1-ին, այսօր դուրս գրվեց բուժհաստատությունից։
Ծննդատան բակում հավաքվել էին Զաքարյան ընտանիքի հարազատներն ու մտերիմները և սպասում էին փոքրիկի հետ առաջին հանդիպմանը։
«Մեր աղջկա խնդրանքն ենք իրականացրել, որ ինքն այս կյանքում մենակ չմնա, որ իր եղբորը նորից գրկի, համբուրի։ Նորից Էդգարիս անունով ենք կոչել իրեն, որ նրա անունը մեր տանը միշտ հնչի»,- ասաց տիկին Արմինեն։
«Մեզ կհասկանան միայն այն ընտանիքները, որոնք ունեն այս վիշտը, կհասկանան, որ միանգամից ամբողջ ընտանիքը փլուզվում է, մտնում ես տուն՝ մթություն, ոչ մի մոտիվացիա՝ ապրելու, առաջ գնալու։ Ես նայում էի ու ուղղակի չէի կարողանում համակերպվել այդ ամենին: Ինքը, որ մտնում էր տուն, այնպիսի մի աշխուժություն էր ստեղծում, որ ամբողջ աուրան փոխվում էր․․․ Ես նաև գիտեի, որ ինքն էլ էր ուզում, ես դա զգում էի, գիտեի, որ իմ Էդգարն էլ է ուզում, ու ես սկսեցի մայրիկի հետ խոսել, համոզել, իսկ եթե․․․ Գիտեմ, որ չի անցնի ցավը, դա մեր հոգին է՝ փշրված, դա չի վերականգնվելու, բայց գոնե առաջ գնալու հնարավորություն կունենանք, մի պուճուրիկ էակ կլինի, ում կպահենք, սեր կտանք, կմեծացնենք, ու այդպես հասա նրան, որ իրենց մեջ էլ արթնացրի այդ ցանկությունը, ու հիմա ունենք մեր փոքրիկ հրաշքին՝ մեր Էդգարին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի քույրը՝ Լիլյա Զաքարյանը։
Էդգարի մայրը՝ տիկին Արմինեն, տասնյակ տարիներ Հանրապետական ծննդատանն է աշխատել, այդ առիթով ծննդատան ամբողջ անձնակազմը հավաքվել էր նախասրահում և մայրիկին ու փոքրիկ Էդգարին ծափերով ճանապարհեցին։
Էդգարի հայրը՝ Սևակ Զաքարյանն էլ հուզված էր, լրագրողների հետ զրույցում էլ խոստովանեց.
«Չեմ հասկանում, թե ինչ է ինձ հետ կատարվում։ Մեծ Էդգարս 2002 թվականին էր ծնվել, և նրա ծնվելուց ուղիղ 20 տարի անց ծնվեց փոքր Էդգարս։ Ինձ մոտ հիմա ամեն ինչ իրար է խառնվել, մի կողմից՝ արևը, լույսը, մյուս կողմից՝ այն ցավը։ Ամեն դեպքում իմ օջախում մի լույս ծնվեց, մի հույս ծնվեց՝ փոքրիկ Էդգարս, իմ մեծ Էդգարիս հովանավորությամբ։ Ես սիրելու եմ երկու Էդգարներիս, երկուսն էլ իմ հրաշքներն են»։
Զաքարյանները ծննդատնից մեքենաներով շարժվեցին դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու ավագ Էդգարի հիշատակին, իսկ կրտսեր Էդգարին մանկուց սովորեցնելու նվիրվածություն և սերմանելու նրա մեջ սեր ավագ եղբոր հանդեպ.
«Մեծ Էդգարիս հոանավորությամբ ծնվեց նրա փոքրիկ եղբայրը, ինչի համար ես իմ Էդգարիս, իմ հզորից շնորհակալ եմ։ Ցավդ տանեմ, շնորհակալ եմ քեզ, ախպերս։ Մենք միասին ենք, մենք հինգով ենք, իրար հետ ենք, իմ հրաշք»,- որդու շիրմաքարի մոտ ասաց Սևակ Զաքարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում