Գրականությունը մարդու ներաշխարհն է. Ռոլանդ Շառոյանն ընթերցողի դատին է ներկայացնելու 5 նոր գիրք

Գրող, բանաստեղծ Ռոլանդ Շառոյանը պատրաստվում է ընթերցողների դատին ներկայացնել ևս 5 նոր գիրք: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հրապարակախոսը նկատեց՝ դրանցից 3-ը մանկական գրքեր են, 2-ը՝ բանաստեղծությունների եւ պատմվածքների ժողովածուներ։

«Վերահրատարակվում է սովետական միության ժամանակ մրցանակի արժանացած մի հեքիաթ եւս, այն է՝ «Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու»։ Լույս է տեսնելու «Բառերի խրխինջը» չափածո վիպասքի երկրորդ հատորը, որը կոչվում է՝ «Ես ու դու»։ Այն պատմում է հայ ժողովրդի կյանքի մասին՝ Եղեռնից առաջ, հետո, եւ ապագայում։ Գրականությունը մարդու ներաշխարհն է, նրա մտածողությունը, եւ պատահական չէ, որ գրքում գրված է՝ «Մտածումներ հարյուր տարի հետո»,-ասաց նա։

Scroll Down
Վերոնշյալ ստեղծագործությամբ գրողն ընթերցողին մատուցում է հայրենիքի գաղափարը ճիշտ ընկալելու, հայրենիքին ճիշտ ծառայելու բացատրությունը։

«Իմ կարծիքով՝ մի քիչ քրիստոմատիկ մտածողություն կա այս գրքում։ Ընդհանրապես՝ սրանում մեր կյանքն է, մեր հոգեւոր-մշակութային ժառանգությունը, հայրենապաշտությունը, հայրենապահպանությունը, թե ոնց ենք մենք հազարամյակներով հայրենիքի գաղափարը բերել հասցրել այս օրեր»,-նշեց Ռոլանդ Շառոյանը։

Գրողը «Ես ու դու» չափածո վիպասքում փորձել է հայ ժողովրդի կյանքի հայելին դնել ընթերցողների առաջ։ Ստեղծագործողին անհանգստացնում է հայ ժողովրդի պատմամշակութային հոգեւոր նկարագրի կորուստը։

Լիանա Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս