«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 07.09.2022թ.-ին իրականացվել է ծառայողական քննություն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական և իրավական հանգամանքների վերլուծության արդյունքում պարզվել է, որ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից նույն հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ.Բ-ի 2022 թվականի հուլիսի 21-ին կալանքից ազատելու մասին N որոշումը հիմնարկի պետը կայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, ուստի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով կիրառվել է կարգապահական տույժ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտման ու կանխարգելման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս